«Գուշակիր մեղեդին» խաղ-մրցույթ՝ ՀՊՏՀ դահլիճում

Դիտումների քանակ՝ 2070

Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հայտնի և սիրված «Գուշակիր մեղեդին» հեռուստախաղի հիման վրա, այսօր դահլիճում կազմակերպվել էր երաժշտական խաղ-մրցույթ, որին մասնակցեցին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Նախընտրական փուլի արդյունքներով ընտրվեցին 4 լավագույնները, ովքեր էլ մասնակցեցին խաղի 3 հիմնական փուլերին: «Սիրված ֆիլմեր», «ռոքային տրամադրություն», «Առնո Բաբաջանյան», «եվրատեսիլ», «երևանյան» «դասական» և այլ խորագրերի ներքո հնչեցին սիրված մեղեդիներ: Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Էվելինա Պողոսյանը կարողացավ գուշակել շատ մեղեդիներ և առավելագույն միավորով ճանաչվեց հաղթող: Իսկ «Սուպեր խաղում» կանոնները փոխվեցին և մասնակցեցին ՈւԽ 4 ներկայացուցիչներ, որոնց թվում նաև ՈւՀԱ ակումբի անդամներ էին. խաղի այս հատվածը համեմված էր հումորով, ուրախների և հնարամիտների զվարճալի «ելույթներով»:

Մրցույթը դուրս էր կանոններից, մասնակցում էր գրեթե ողջ դահլիճը: Իրականում, հենց այդպես էլ նախատեսված էր՝ Ամանորին ընդառաջ ուրախություն պարգևել ուսանողներին:

«Տարեվերջին բոլորս ենք համակված տոնական տրամադրությամբ և ցանկացանք կազմակերպել մի ժամանցային միջոցառում, որը կուրախացնի ուսանողներին: Ընտրեցինք «Գուշակիր մեղեդին» երաժշտական խաղը»,-ասաց կառավարման ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զավեն Խուկեյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայության հետ կապերի բաժին