ՀՊՏՀ ուսանողները՝ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթի հաղթողներ
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները: Երեկ հանդիսավորությամբ պարգևատրվել են հաղթողները, որոնց թվում են նաև ՀՊՏՀ 2 ուսանողներ՝ ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Վահագն Հարությունյանը և Գյումրու մասնաճյուղի միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Անժելա Պապիկյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ պաշտոնական կայքից՝ մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Տնտեսագիտության մագիստրոս» ծրագրի 50 ուսանող, որոնցից վերջին փուլ են անցել 20-ը, հաղթել են 7-ը: Ուսանողները ներկայացրել են հետազոտական-վերլուծական աշխատանք: Մասնակցության պայմաններից մեկը բարձր առաջադիմությունն էր:
Այսպիսով, մրցույթի արդյունքներով, 7 ուսանող 6 ամիս ժամկետով, ամսական 50.000 դրամի չափով կստանա Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է հաղթողներ Վահագն Հարությունյանի և Անժելա Պապիկյանի հետ:
Վահագնը կատարել է «Վիրտուալ արժույթների զարգացման հեռանկարները և կարգավորման մոտեցումները» թեմայով հետազոտություն, որտեղ ներկայացրել է վիրտուալ արժույթի էությունը, կիրառման առավելություններն ու թերությունները: Ուսանողը աշխատանքը կատարել է առանց գիտական ղեկավարի:
«Սա նոր թեմա է, վիրտուալ արժույթի մասին նյութեր էի ուսումնասիրում, և այն ինձ հետաքրքրեց, որոշեցի ավելի խորը հետազոտություն կատարել: ԿԲ հայտարարած մրցույթին մասնակցելու համար ընտրեցի հենց վիրտուալ արժույթին վերաբերող թեմա: Ի դեպ, համացանցում հայերենով այս արժույթի մասին տեղեկատվություն գրեթե չկա, ուստի հետազոտությունը կատարելիս օգտվեցի հիմնականում արտասահմանյան աղբյուրներից, համադրելով և վերլուծելով փաստերը,կատարեցի խորը վերլուծություն»,-ասաց Վահագնը և ձևակերպեց՝ վիրտուալ արժույթը վերջին տարիներին ստեղծված, թվային արժույթի մի տեսակ է, որը չի թողարկվում Կենտրոնական բանկի կամ որևէ պետական մարմինի կողմից: Այս արժույթը չի ենթարկվում ինֆլյացիայի, ինչն էլ հիմնական առավելություններից է: Իսկ թերությունների մասին խոսելիս Վահագնը նշեց, որ մեծ է կիբեռհանցագործության ենթարկվելու ռիսկը:
Անժելա Պապիկյանը մրցույթին է ներկայացել «Տնտեսական աճի խթանման ուղիները ՀՀ-ում» հետազոտական աշխատանքով, որը կատարել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանի գիտական ղեկավարությամբ:
Ներկայացնելով հետազոտության առանցքային շեշտադրումները՝ ուսանողուհին նշեց.
«Մեր առջև խնդիր էինք դրել ներկայացնելու տնտեսական աճի որակական կողմը: Մշակել եմ ընդհանրական համաթիվ, որը հնարավորություն է տվել բացահայտել երկարաժամկետում տնտեսական աճին նպաստող և խոչընդոտող գործոնները: Այդ համաթիվն անվանել եմ «Կյանքի որակի ընդհանրական համաթիվ», աշխատանքում ներկայացրել եմ նաև առաջարկություններ»:
Նշենք, որ հաղթողները, ինչպես նաև մրցույթի վերջին փուլ անցած մասնակիցները (ընդհանուր 20 ուսանող) որպես խրախուսանք՝ ստացել են արծաթե հուշադրամներ:
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաջողություն:
Վերջին լուսանկարը՝ ԿԲ պաշտոնական կայքից (մեջտեղում ՀՊՏՀ ուսանողուհին է)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին