Նա հավերժ մնաց 25 տարեկան. հուշ-ցերեկույթ՝ նվիրված ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկ Կարեն Մանվելյանի հիշատակին

Դիտումների քանակ՝ 2222

1966թ. այս օրը ծնվել է Արցախյան ազատամարտում իր կյանքը զոհաբերած, ՀՊՏՀ (այն ժամանակ` ժողտնտեսության ինստիտուտ) ապրանքագիտության ֆակուլտետի ուսանող, Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Բախշիի Մանվելյանը: Լրանում է հերոսի ծննդյան 50-ամյակը, ինչի կապակցությամբ Ռամկավար ազատական կուսակցությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին  ազատամարտիկի մայրը՝ Ամալյա Գևորգյանը, հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչները, նշված կուսակցության ատենապետ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր   Հակոբ Ավետիքյանը,  հյուրեր:

Մեծարման ցերեկույթը ներկայացրեց ընդամենը 25 տարի ապրած, բայց սերունդներին հայրենասիրության վառ դասեր թողած հայրենասեր մի երիտասարդի, ում համար պակաս կարևոր չէր  ուսումը, սակայն ի վերուստ նրան այլ առաքելություն էր տրված՝ անմահանալ հերոսական մահով: Ներկայացվեցին հերոսի կենսագրությունը, նրա օրագրից պահպանված գրառումները, որտեղ  նկարագրված են Արցախյան պատերազմից դրվագներ:

«Մենք այստեղ ենք, որովհետև մեզ ընտրության հնարավորություն չեն թողել, իսկ երբ զրկում են այդ հնարավորությունից, միակ ճշմարիտ ուղին  դառնում է ռազմիկի ուղին. սա այն կարգախոսն է, որով Արցախ էր գնացել Կարեն Մանվելյանը»,-ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց հերոսի եղբայր, պատմական գիտությունների թեկնածու  Արմեն Մանվելյանը, ապա շարունակելով վերհուշը՝ պատմեց, որ Կարենը ջանասիրաբար էր սովորում և  ռազմաճակատ էր ուղևորվել՝ ուսապարկում տանելով լիքը գրքեր: Նա գերազանց էր ստանում մասնագիտական քննությունները, սակայն ավաղ, ավարտել չհասցրեց:

Հակոբ Ավետիքյանն իր ելույթում նշեց, որ իրենց կուսակցությունը մարտական  համբավ չունի, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ կենաց ու մահու պայքար է՝ ռամկավարներն առաջնորդ են եղել: «Լուռ, ինքնամփոփ, բայց անսպասելիորեն վճռական». այսպես բնութագրեց ատենապետը Կարեն Մանվելյանին:

Կարեն Մանվելյանի հարազատներին երախտագիտական խոսք հղեցին և հուշեր պատմեցին  ազգությամբ էստոնացի ազատամարտիկ, Կարեն Մանվելյանի զինակից ընկեր Ֆելիքս Հովսեփյանը, ՀՊՏՀ համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Մխիթարյանը: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի անունից ներկաներին ողջունեց համալսարանի ասպիրանտ, «Մարտական հաշվարկ» գրքի հեղինակ Հայկ Բեջանյանը, ապա ներկայացրեց, թե ինչպես է ինքը տեղեկացել Կարեն Մանվելյանի մասին ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների մասին գրքի ստեղծումը նախաձեռնելիս:

Հանդիպումը եզրափակեց հերոսի մայրը՝ նշելով, որ որդին ապրել է կարճ, բայց բովանդակալից՝ նոր սերնդի համար թողնելով անձնուրաց հայրենասերի իր կերպարը:

Շնորհավոր ծնունդդ, հերոս:

Կարեն Մանվելյանի դիմանկարը ՀՊՏՀ թանգարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին