Գիտխորհրդի ընդլայնված նիստում ՀՊՏՀ 2016թ գործունեությունն արժանացավ հավանության
ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որին, ինչպես ընդունված է, մասնակցեցին ոչ միայն գիտական խորհրդի հիմնական անդամները, այլև համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ: ՀՊՏՀ գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ օրակարգում ընդգրկված մեկ հարցի՝ «ՀՊՏՀ 2016թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2017 թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին» զեկուցմամբ:
Սկսելով զեկուցումը՝ համալսարանի ռեկտորը նշեց, որ 2016թվականը էական հանգրվան էր նախորդ 5-ամյա ժամանակաշրջանում կատարված աշխատանքների արդյունքները գնահատելու և զարգացման հաջորդ շրջանի ռազմավարական ուղղությունները հստակեցնելու առումով:
«2016թ. մենք կարողացել ենք պահպանել և զարգացնել այն բոլոր գործընթացների կենսունակությունը, որոնց հիմքերը դրել ենք մի քանի տարի առաջ: Խոսքը մեր կողմից գերակա հռչակված կրթության որակի բարձրացման, գիտական, հետազոտական, միջազգայնացման, հանրային կապերի զարգացման, սոցիալական քաղաքականության, նյութատեխնիկական կարողությունների բարելավման ուղղությունների մասին է,- հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ ապա մանրամասնեց կատարված աշխատանքները:
«Կրթության որակի բարձրացումը մեր ամենակարևոր խնդիրն է: Սա գերակա ուղղություն է հռչակված նաև համալսարանի 2016-2020թթ զարգացման ռազմավարական ծրագրում: Այս հարցի կարգավորումն ամենաբարդն է և միգուցե հենց այս պատճառով էլ այս ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս չեն տվել ցանկալի արդյունք:
Ուստի առաջիկա տարիներին կրթության որակի բարելավումը պետք է լինի մեր գործունեության առանցքում: Գիտահետազոտական աշխատանքների ուղղությունն առավել հստակեցվել է, կոնկրետացել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքը, հետազոտական ուղղություններն ու աշխատանքային թիմը: Աշխատանքը շարունակել են նաև գիտաուսումնական խմբերը: Համալսարանական գիտության զարգացման կարևոր գործին իրենց մասնակցությունն են բերել նաև մեր համալսարանի մի շարք գիտնականներ: Համալսարանի միջազգայնացման ճանապարհին մեզ հաջողվել է մեծացնել ուսանողների և դասախոսների շարժունությունը, պահպանել ներգրավվածությունը Տեմպուսի և Էրասմուսի մի շարք ծրագրերում: Միջազգային գործունեության մեջ սա ամենաբնութագրականն է, և կարևոր է, որ մեր կողմից գերակա հայտարարված այս ուղղությունը ևս ակտիվացել է: Բաց և հաշվետու աշխատանքը այն աշխատաոճն է, որը մենք ճիշտ և կարևոր ենք համարում: Հանրային կապերին ուղղված գործունեությունը զարգանում է իր բնականոն ընթացքով: Համալսարանի աշխատանքը, ծրագրերն ու հաջողությունները լայն հանրությանը ներկայացվել են ոչ միայն համալսարանի լրատվության միջոցներով, այլև զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությամբ:
Ես և մեր համալսարանի մի շարք աշխատակիցներ հանդես ենք եկել մի քանի տասնյակ հարցազրույցներով՝ անդրադառնալով մեր գործունեության տարբեր ուղղություններին, պատասխանելով լրատվամիջոցներից բխած հարցադրումներին: Սոցիալական քաղաքականությունը ևս մեր գործունեության կարևոր ուղղություններից է: Ուսանողներին և աշխատակիցներին ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրերը ոչ միայն պահպանում ենք, այլև ներդնում նորանոր մոտեցումներ, ավելացնում հատկացումները: Սա բխում է սոցիալական պատասխանատվության մեր գիտակցությունից, բայց նաև կարևորում ենք, որ իրագործվող ծրագրերը ընդունվեն ոչ միայն որպես նյութական աջակցություն, այլև դառնան մոտիվացնող, խթանող և պատասխանատվություն ձևավորող:
Համալսարանի վերափոխման, միջավայրի արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները անընդհատական բնույթ են կրում: Բայց այս տարին հատկանշական էր նրանով, որ ավարտեցինք համալսարանի վերանորոգման հիմնական աշխատանքները: Իհարկե, գործունեության այս ոլորտում անելիքներ դեռ կան՝ ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական վերազինումը, ուսումնական գործընթացի բարելավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, լսարանների ժամանակակից կահավորումը շարունակական գործընթացներ են և փոխկապակցված են մեր համալսարանի գործունեության հիմնական ոլորտներին», - ամփոփ ներկայացրեց համալսարանի ռեկտորը, ապա թվերով և փաստերով անդրադարձավ բուհի գործունեության բոլոր ոլորտներում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2017թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները: ՀՊՏՀ 2016թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2017թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները ամբողջությամբ հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ամփոփելով՝ համալսարանի ղեկավարը նշեց, որ 2016թ. համալսարանի կառավարումն իրականացվել է կոլեկտիվ կառավարման մարմինների, համալսարանի բոլոր ստորաբաժանումների գործուն և ակտիվ մասնակցությամբ։ Ռեկտորի խոսքով՝ բոլոր ֆակուլտետների դեկանատները, ամբիոնները, վարչական և ուսումնագիտական ստորաբաժանումները, ուսանողական խորհուրդը նշանակալից ավանդ ունեն համալսարանի նվաճումներում, կրթական բարեփոխումների իրականացման ասպարեզում:
«2017 թվականին սպասվում է լրջագույն աշխատանք, որը առկա մարտահրավերներին դիմակայելու միակ իրական ճանապարհն է: Հարկավոր է բոլոր ջանքերը մեկտեղել՝ կրթության որակը բարելավելու և համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակները կյանքի կոչելու համար: Հուսով եմ, որ սրտացավորեն, գիտնականին, մտավորականին, համալսարանականին վայել գիտակցությամբ պետք է հանդես բերենք մեր համալսարանը զարգացնելու նախանձախնդրություն»,- հաշվետու ելույթն ավարտեց Կորյուն Աթոյանը:
Գիտական խորհուրդը միաձայն քվեարկությամբ հավանություն տվեց ՀՊՏՀ 2016թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը և 2017թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին և որոշեց այն ներկայացնել ՀՊՏՀ խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց հաշվետվությունը հավանության արժանացնելու համար և նշելով, որ տարեմուտի շեմին ենք՝ շնորհավորեց ՀՊՏՀ անձնակազմին և ուսանողությանը, մաղթելով առողջություն, երջանկություն, ընտանեկան բարօրություն: Համալսարանի ղեկավարը հորդորեց մեկտեղել ջանքերը՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման և համալսարանի զարգացման:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին