ՀՊՏՀ դասախոսը բանախոսել է արտերկրի համալսարաններում
Մեր համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը «էրասմուս+» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-20-ը գտնվել է Բելգիայի երկու՝ Հասսելթի և Բրյուսելի համալսարաններում և հանդես եկել «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի սպառնալիքները» թեմայով դասախոսություններով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Խորեն Մխիթարյանը նշեց, որ բանախոսել է տնտեսագիտական ֆակուլտետների մագիստրանտների համար: «Դասախոսությունից հետո քննարկում է ծավալվել համաշխարհային վերջին ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ, խոսվել է դրա բացասական հետևանքների մասին, դիտարկվել է նաև ՀՀ տնտեսության իրական հատվածի վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը:
Պետք է նշեմ, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է առաջացել, որ եվրոպացի ուսանողը տիրապետում է զուտ նեղ մասնագիտական գիտելիքների և հաճախ գաղափար չի ունենում տնտեսագիտական հայտնի իրողությունների մասին: Մինչդեռ, մեր ուսանողները ստանում են բազմակողմանի գիտելիքներ, ինչը գովելի է»,-եզրակացնում է դոցենտը:
ՀՊՏՀ ներկայացուցիչը եվրոպացի ուսանողներին է տրամադրել մեր համալսարանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ: Խորեն Մխիթարյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ն հետաքրքրել է նշված համալսարանների դասախոսներին, և «էրասմուս+»-ի շրջանակում նախատեսվում է նաև նրանց այցը:
ՀՊՏՀ աշխատակցի այցը կազմակերպել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Խորեն Մխիթարյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին