Նոր կյանք՝ գրքին, կյանքի հույս ու աջակցություն՝ հիվանդ բալիկներին. MYbookstore-ի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 1575

ՀՊՏՀ արտաքին առևտրային քաղաքականություն մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Լևոն Ստեփանյանի MYbookstore առցանց գրախանութի գործունեության, նրա գեղարվեստական ճաշակի ու մասնագիտական հմտությունների, ինչպես նաև նորաստեղծական մտքի ու նախաձեռնողականության մասին առիթներ ենք ունեցել խոսելու: Լևոնն ակտիվորեն է մասնակցում նաև մեր համալսարանում կազմակերպվող տարբեր ձևաչափերի ճանաչողական միջոցառումներին:

Այսօր  նրանից տեղեկացանք մի նոր հրաշալի միջոցառման մասին, որը բարության ու կամեցողության, գրքասիրության տոն կպարգևի մասնակիցներին (բոլոր ցանկացողներին): Ի դեպ՝ սպասվող միջոցառմանը նախորդող ժամանակահատվածում Լևոնն իր թիմակիցների հետ միասին կազմակերպել և անցկացրել է գրքահավաք՝ անձամբ այցելելով բնակարաններ (այս մասին հայտարարություններն ու ծանուցումները MYbookstore-ի ֆեյսբուքյան էջում պարբերաբար թարմացվում էին):

Եվ այսպես. դեկտեմբերի 10-ին առավոտյան 10.00-ից մինչև երեկոյան 22.00-ն MYbookstore-ը հրավիրում է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիր, որի առաջին հարկում տեղի կունենա գրքի ցուցահանդես՝ «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» խորագրով: Այցելուները կարող են ձեռք բերել գրքահավաքի արդյունքում ցուցահանդեսում ներկայացված ցանկացած գիրք, ինչպես նաև կարող են ցուցահանդեսին բերել իրենց ներդրումը՝ շարունակելով մասնակից դառնալ գրքահավաքին: Սրահում տեղադրված կլինեն արկղիկներ, որտեղ այցելուները կարող են հանգանակել՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:  Հասույթը կուղղվի  Fund 100 բարեգործական հիմնադրամին, որը կոչված է օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Միջոցառմանը մասնակցելու են երիտասարդ գրողներ, MYbookstore-ի բազմաթիվ գործընկերներ, վերոնշյալ հիմնադրամի ներկայացուցիչներ:

Մեզ հետ զրույցում Լևոնն ասաց. «Ամանորի հրաշագործ տոնին ընդառաջ, մենք այս միջոցառմամբ վերահաստատում ենք նոր կյանքի ու հույսի գաղափարը. նոր կյանք ենք տալիս գրքին, կյանքի հույս ու աջակցություն՝ հիվանդ բալիկներին»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին