Ինտերակտիվ ուսուցումը՝ ժամանակի հրամայական. դասը վարեցին ուսանողները

Դիտումների քանակ՝ 1642

Բաց դասերի, թիմային աշխատանքների, սեմինար-քննարկումների հաճախակի անցկացումը մեր համալսարանում ուսումնական գործընթացն առավել ինտերակտիվ և ուսանողակենտրոն են դարձնում:  Թե' դասախոսները, թե' ուսանողները բազմիցս կարծիք են հայտնել, որ ուսուցման նոր մեթոդներն արդյունավետ են գիտելիքի յուրացման առումով, բացի դրանից, դասապրոցեսը հետաքրքիր ու հագեցած են դարձնում:

«Տարածաշրջանային էկոնոմիկա և կառավարում» առարկայի դասի շրջանակներում այսօր պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտության 4-րդ կուրսում բաց դաս էր, որի թեմաներն  առնչվում էին  տարածաշրջանային տնտեսական զարգացումներին և այդ  համատեքստում Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Դասախոս, տ.գ.թ. Սարգիս Ասատրյանցն այսօր ուսանողական նստարանին էր՝ լսողի դերում  և ամբիոնը տրամադրել էր ուսանողներին:  Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ուսանողները աշխատել են թիմերով՝ ուսումնասիրություններ և խորը վելուծություններ կատարելով տարածաշրջանային տնտեսական կառույցների, մասնավորապես ԵՏՄ-ի, Մաքսային միության, Հայաստանի զարգացման հեռանկարների, հիմնախնդիրների մասին:

«Ուսումնասիրում ենք տարածաշրջանային տնտեսական քաղաքականությունը, և թիմային աշխատանքի շրջանակում ամեն խումբ  հետազոտել է կոնկրետ թեմա: Ուշագրավ է, որ ուսանողներն իրենց գիտելիքների հիման վրա փորձում նաև տարածաշրջանային քաղաքականության նոր ուղղություններ առաջարկել»,-ասաց Սարգիս Ասատրյանցն ու ընդգծեց՝ ուսուցման մեջ գործնական մասը պետք է ավելացնել և դա նաև ուսանողի պահանջն է:

Նախաձեռնությունը  խանդավառություն էր առաջացրել և յուրաքանչյուր թիմ ձգտել էր լինել տարբերվող, հանդես գալ լավագույնս:

Ամբիոնից հնչում էին ուսանողների  վստահ ելույթները՝ ի՞նչ առավելություններ ունի Հայաստանի համար ԵՏՄ անդամակցությունը, որո՞նք են ռիսկերը, զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ են ուրվագծվում և այլն:

Ուշագրավ էր, որ ուսանողները ներկայացրել էին ԵՏՄ անդամ երկրների ամենաբնութագրական խորհրդանիշները. Հայաստանի համար դա հայկական գորգն էր, Ռուսաստանի համար՝ մատրյոշկան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին