Ավարտվել են 17-րդ մարզական խաղերը. ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի թիմը՝ մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1631

Գարնանը մեկնարկած ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ հանրապետական մարզական խաղերն ամփոփվել են  դեկտեմբերի 2-ին՝ աղջիկների վոլեյբոլի  առաջնությամբ: ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը  նվաճել է 3-րդ մրցանակային տեղը:

Թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը մեզ հետ զրույցում դրվատանքով խոսեց ՀՊՏՀ վոլեյբոլիստուհիների մասին և նշեց, որ առաջնության ընթացքում նրանք գեղեցիկ խաղեր ու հաղթանակներ են արձանագրել:

«Ուժեղ մրցակիցների հետ պայքարում (1-ին տեղը գրավել է ֆիզկուլտուրայի ինստիտուտը, 2-րդը՝ Մանկավարժական համալսարանը), մեր  թիմի մասնակցությունը բարձր եմ գնահատում: Եղել են նաև անհատական մրցանակներ՝ պարգևատրվել են 1-3 տեղերը զբաղեցրած թիմերի լավագույն խաղացողները: Մեր թիմի լավագույն խաղացող է ճանաչվել Նարե Հովհաննիսյանը: Պետք է նշել, որ թիմը համալրվել է, 2 նոր խաղացողներ 1-ին կուրսից են, և շարունակվում են մարզումները՝ հետագա առաջնություններում հաջող հանդես գալու համար»:

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ՝ 17-րդ հանրապետական խաղերում մեր համալսարանի մասնակցությունը, ընդհանուր առմամբ, հաջող է եղել:

«Խաղերում ՀՊՏՀ-ն մրցանակային տեղեր է նվաճել տարբեր մարզաձևերի առաջնություններում (լողի, շախմատի, ձյուդոյի և այլն): Մեր ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ 25-ամյակին նվիրված  մարզական խաղերում (կազմակերպել էր Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան), ֆուտզալի թիմը նվաճել էր 1-ին հորիզոնականը: Առաջիկայում՝ դեկտեմբերի 11-ին ՀՊՏՀ ֆուտզալիստները կմասնակցեն «Սուպեր գավաթ»-ի առաջնությանը, որտեղ կմրցակցեն ֆիզկուլտուրայի ինստիտուտի թիմի հետ»,-ասաց  ամբիոնի ղեկավարը և հավելեց, որ ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում ևս, ՀՊՏՀ-ն հաջող է հանդես գալիս:

Նշենք, որ ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական խաղերը  կազմակերպում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մեր մարզիկներին մաղթում նոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին