Լևոն Եղիշեի Վարդանյան – 90. հիացմունքի ու հպարտության մեր օրինակը

Դիտումների քանակ՝ 1750

Նոյեմբերի 29-ին մեր համալսարանի նախկին ռեկտոր (1984-1991), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության ու տեխնիկայի վաստակավոր գործիչ, գիտության ու մանկավարժության նվիրյալ Լևոն Եղիշեի Վարդանյանի ծննդյան օրն է: Լրացավ նրա 90-ամյակը: Այս առթիվ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հանձնարարությամբ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, արհմիութենական կոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը և մարքեթինգի ամբիոնի դոցենտ Շիրակ Սահակյանը այսօր հյուրընկալվեցին Վարդանյանների հարկի ներքո և հոբելյարին հանձնեցին ՀՊՏՀ ռեկտորի ուղերձը՝ բուհի ղեկավարության, արհմիութենական կոմիտեի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից:

«Ձեր անցած բեղմնավոր ճանապարհի կարևորագույն հանգրվանները, որոնցում երևան են եկել Ձեր լավագույն հատկանիշները և մասնագիտական ձեռքբերումները, միայն հիացմունքով ու հպարտությամբ են տոգորում մեզ և օրինակ ծառայում: Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական-մանկավարժական աշխատանք, «Հայէլեկտրամեքենա» գործարանին առընթեր գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի տնտեսագիտական սեկտորի ղեկավար, ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր և զուգահեռ գիտահասարակական բեղուն գործունեություն. միշտ և ամենուր հանդես եք եկել որպես արհեստավարժ մասնագետ, հմուտ կառավարիչ: Իսկ մեր համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 1984-1991 թթ., Ձեզ ճանաչել ենք որպես պահանջկոտ, բարեխիղճ, հոգատար ու միաժամանակ խստապահանջ ղեկավարի». նշված էր ուղերձում:

ՀՊՏՀ պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի վերջին, աշնանային համարում զետեղված է ընդարձակ հոդված Լևոն Վարդանյանի անցած ճանապարհի ու ծառայությունների մասին, որը հեղինակել են  ռեկտոր Կորյուն Աթոյանն ու Գրիգոր Տերտերյանը: Ամսագրի հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ 20-րդ էջում՝ media.asue.am/upload/tntesaget/TERT_2016.4.pdf:

Վերադարձից հետո մեզ հետ զրույցում պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ սիրելի պրոֆեսորն 90-ամյա հոբելյանը դիմավորում էր իր համերաշխ ու ջերմ ընտանիքի գրկում՝ շրջապատված թոռներով, հարսներով ու որդիներով և իհարկե կնոջ՝ տիկին Էլզայի հոգատարությամբ ու սիրով, ում հետ 63 տարի միասին են:

«Լևոն Վարդանյանն անզուգական անձնավորություն է՝ կիրթ ու բարեպաշտ, իր տեսակով ու խառնվածքով՝ բացառիկ օրինակ: Ուրախալի էր՝ նրան տեսնել առույգ ու կենսուրախ, կրկին մաղթել առողջություն, հոգու ամրություն և իր ջերմ ու մարդասեր ընտանիքի սիրով շրջապատված երկար տարիներ»,-ասաց Գագիկ Վարդանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին