ՀՊՏՀ սոցիալական քաղաքականությունը. ի՞նչ ծրագրեր և ինչպիսի՞ գումարներ են ներդրվել 2016թվականին

Դիտումների քանակ՝ 1740

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատակիցներին և ուսանողներին հասցեագրված սոցիալական ծրագրերը բազմաթիվ են: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը սոցիալական խնդիրներին մեծ ուշադրություն է դարձնում, իսկ բուհի սոցիալական քաղաքականությունը տարեցտարի հարստացվում է նոր քայլերով ու մոտեցումներով:

Հիմա, երբ տարեվերջյան ամփոփումների շրջան է բոլորի համար, մեզ մոտ նույնպես ամփոփվում են կատարված աշխատանքները, գնահատվում արդյունքները, մատնանշվում անելիքները: Ուշագրավ է, որ մեր համալսարանում սոցիալական ծրագրերին հատկացումները բավական նշանակալի են:

Տարբեր առիթներով ներկայացրել ենք այդ ծրագրերը, խոսել դրանց շահառուների, արդյունքների մասին: 2016թ. հունվարի 1-ից մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ը իրականացված սոցիալական ծրագրերն ու բարեգործական հատկացումները ներկայացնում ենք հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Էմմա Ադամյանի տրամադրած տեղեկատվությամբ:

Աշխատակիցներին ուղղված խոշորագույն ծրագրերից է բժշկական ապահովագրությունը: Իրավաբանական բաժնի պետ Գայանե Տոռոզյանի տեղեկացմամբ՝ բժշկական ապահովագրությունից օգտվում է մեր համալսարանի 362 աշխատակից, որոնց ապահովագրավճարը մասնակի փոխհատուցում է համալսարանը: Նշված ժամանակահատվածում բժշկական ապահովագրության ծախսերը կազմել են 22, 183, 200 ՀՀ դրամ:

2015թ. նոյեմբերից ներդրվել է աշխատակիցներին ուղղված հերթական խոշոր ծրագիրը՝ «Նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման կարգը», որը նախատեսում է համալսարանի աշխատակիցներին 100-250 հազար դրամ խրախուսում՝ ամուսնության կամ երեխա ունենալու դեպքում: Այս մասին մենք մանրամասն խոսել էինք նոյեմբերի 8-ին, առանձին հրապարակմամբ՝ տեղեկացնելով, որ մեկ տարի գործող կարգից օգտվել են 29 աշխատակիցներ: Նորաստեղծ ընտանիքների նյութական աջակցման դիմում են ներկայացրել և միանվագ՝ 100.000–ական դրամով խրախուսվել 10 աշխատող, իսկ երեխաների ծննդյան միանվագ նյութական խրախուսում ստացել են 19 հիմնական աշխատող, որոնցից երկուսը 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ: Անցնող տարում նորաստեղծ ընտանիքի, երեխայի ծննդյան խրախուսական հատկացումները համալսարանի հաշվին կազմել է 4,626,388 ՀՀ դրամ:  Այս մասին մեր ընդարձակ հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://goo.gl/TEuDxy:

Ծնողի կամ հարազատի մահվան առիթով արված նյութական աջակցություն է կիրառվել 7 աշխատակցի համար՝ 700, 000 ՀՀ դրամ գումարի չափով: Աշխատակիցներին ուղղված ծրագրերից է ֆինանսական տարվա յուրաքանչյուր կիսամյակում տնտեսված միջոցների հաշվին հիմնական աշխատակիցներին գործող հաստիքային աշխատավարձի 100 տոկոսի չափով լրավարձի հատկացումը: Այս տարվա 1-ին կիսամյակի հատկացումը կազմել է 148,030,149 ՀՀ դրամ: Ավանդույթի համաձայն, նման պարգևավճարներ տրվում են նաև Ամանորի շեմին և, կարծում ենք, այս տարի ևս բացառություն չի լինի:

Բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի զեղչումը (10-70 տոկոս) կազմել է շուրջ 188 մլն. ՀՀ դրամ:

Մեր համալսարանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը հատուկ ուշադրության առարկա է և այս համատեքստում բավական ամուր են բուհի կապերը զորամասերի հետ:  Տարվա ընթացքում հեռավոր սահմանամերձ զորամասեր այցերն ու նվիրատվությունները հաճախադեպ են: Այս տարի այդ նպատակին է հատկացվել 1,775, 180 ՀՀ դրամ, որով զորամասերին է նվիրվել սնունդ, համակարգչային տեխնիկա, սպորտային գույք և այլն:

Առհասարակ բանակի նկատմամբ մեր համալսարանի ղեկավարության կեցվածքը յուրահատուկ է: Պատահական չէ, որ ապրիլյան ծանր օրերին ԼՂՀ Կառավարության կոչին ՀՊՏՀ-ն առաջին արձագանքողներից եղավ՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով և ռեկտորատի հաստատմամբ 10 մլն դրամ փոխանցելով Ղարաբաղի Հանրապետության Կառավարության կողմից բացված հաշվեհամարին՝ բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով: Բացի այդ, ապրիլյան քառօրյայի մասնակից ուսանողներին ցուցաբերվել է 1,092,688 ՀՀ դրամ:

Ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բարձրացվել էին նաև անվանական կրթաթոշակները՝ 10-ից դառնալով 20.000 դրամ: Այս տարի անվանական կրթաթոշակների տրամադրմանը հատկացվել է 1,040,000 ՀՀ դրամ:

Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանում ամառային հանգստի կազմակերպման մատչելի պայմանները հավասարապես առաջարկվում են աշխատակիցներին և ուսանողներին: Բացի դա, յուրաքանչյուր տարի ռեկտորը նաև ուղեգրեր է նվիրում ուսանողներին: Այս տարի նման հնարավորություն է տրվել ՀՊՏՀ 50 և Արցախի պետական համալսարանի 20 ուսանողների՝ 1,750,000 և 700,000 ՀՀ դրամի չափով:

Մարզական հաջողությունները նույնպես մեր համալսարանական առօրյայի անբաժան մասն են: Հայաստանի կրկնակի չեմպիոն դարձած մեր թիմի ֆուտզալի հավաքականին տրվել է 660,000 ՀՀ դրամի չափով խրախուսում:

Քիչ չեն սոցիալական այլ ծրագրերին արվող հատկացումները ևս, սակայն դրանք դուրս չենք բերում: Բայց տարվա ընթացքում համալսարանը բազմաթիվ այցեր է ունենում մանկատներ, աջակցություն է ցուցաբերում տարբեր սոցիալական խմբերի, ավանդաբար փոխանցումներ են արվում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում և այլ: Սակայն մեր այս հրապարակման նպատակը կոնկրետ աշխատակիցներին և ուսանողներին ուղղված սոցիալական խոշոր ծրագրերի ներկայացումն էր:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խնդրանքով անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը նշեց. «Սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու հիմքում հետևյալ մոտեցումն է՝ մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ լավ սովորող որևէ երեխա չպետք է նյութական խնդիրների պատճառով զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Ոււստի ուսանողներին ուղղված մեր քայլերի առանցքում հիմնականում այս հանգամանքի կարևորումն է: Բացի մեր կողմից արվող զեղչերը, կրթաթոշակների ու զեղչերի են արժանանում մի շարք ուսանողներ նաև մեր գործընկեր կազմակերպությունների կողմից, որում նույնպես առկա են մեր ջանքերը: Իսկ աշխատակիցներին ուղղված ծրագրերում այն գիտակցությունն է, որ բացի սոցիալական աջակցության ցուցաբերումից մենք այդպիսով նաև խրախուսում ենք, փորձում մոտիվացնել և դա անում ենք ոչ միայն մրցունակ աշխատավարձերով, այլև լրավճարներով, ապահովագրության կազմակերպմամբ և այլ ձևերով»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին