Զրույց մերօրյա հերոսի հետ. ուսանողները հանդիպեցին քառօրյա պատերազմի մասնակից Հարություն Բադալյանին
ՀՊՏՀ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի այս ուսումնական տարվա առաջին նախաձեռնությունը հետաքրքրել ու համախմբել էր տասնյակ ուսանողների. այն հանդիպում էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Բադալյանի հետ, ում մասին ուսանողները լսել և շարունակում են լսել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից: Իսկ այսօր՝ երևակայական թվացող հերոսն ուսանողների կողքին էր և մանրամասներ էր ներկայացնում զինվորական ծառայությունից, քառօրյա պատերազմից:
Փոքրամարմին, բայց ոգեղեն անսպառ ուժով ու հայրենասիրությամբ ներշնչված Հարությունը նախ պատմեց, որ մինչև հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելը (պարտադիր զինծառայության գնալը) ցանկացել է դիրքում ծառայել և հենց այդպես էլ եղել է, ավելին՝ մասնակցել է պատերազմի, կռիվ է տվել հայրենիքի համար ու… հերոսացել:
Զորակոչվելով՝ Հարությունը ծառայության է նշանակվել Մատաղիսում, ուսումնական փուլն անցնելուց հետո՝ 6 ամիս անց, տեղափոխվել է Թալիշ: Ապրիլյան պատերազմն սկսվել էր, երբ Հարությունի ծառայության ավարտին շուրջ 3 ամիս էր մնացել:
Թալիշում թշնամու հետ կռիվ տալիս Հարությունը ոտքի շրջանում վիրավորում է ստացել, բայց նույնիսկ վիրավոր՝ շարունակել է կրակել՝ մինչև ուժասպառ է եղել: Բարեբախտաբար, ստանալով համապատասխան բժշկական օգնությունը՝ այսօր մեր հերոսն առողջ է և, ինչպես նախկինում, այժմ էլ տոգորված է հայրենասիրական ոգով:
Շարունակելով զրույցը՝ Հարությունը ժպիտով հիշեց, որ ծառայակիցները, զարմացած լինելով, թե որքան անվախ է ինքը դեմ դուրս գալիս թշնամուն (իսկ սահմանակից դիրքում փամփուշտների ձայնը խլացնում էր), կատակում էին՝ կարո՞ղ է Հարությունը թշնամու հետ կապեր ունի: Իրականում, ինչպես մեր հերոսն է ասում, պատերազմի դաշտում չպետք է վախենալ և պետք է ներշնչվել այն համոզմամբ, որ ամեն ինչ լավ է վերջանալու: Նրա հավաստմամբ՝ մեր բանակում բարձր է մարտական ոգին:
«Ես գիտեի, որ մահն ինձ չի կարող դիպչել»,-ասում է Հարությունը, միաժամանակ՝ խորը ցավով է հիշում թշնամու գնդակից իր աչքի առջև ընկած ընկերներին:
Տակավին երիտասարդ, բայց պատերազմի բովում հասունացած Հարություն Բադալյանը նկատում է՝ պատերազմը ստիպում է արժևորել կյանքն ու այլ աչքերով նայել նրան:
Ուշագրավ էր, որ հանդիպմանը ներկա ուսանողներից մեկը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսեցի Սուսաննա Նազարյանը հարցրեց մեզ (-հեղինակ )՝«Ներեցեք, կարո՞ղ ենք լուսանկարել հերոսին»: Ապա, ստանալով դրական պատասխան, լուսանկարեց նրան: Այո, Հարությունը հերոս է թե' տարեկիցների, թե' նրանց համար, ովքեր ծանոթ են երիտասարդի սխրագործություններին:
ՀՊՏՀ-ականներն ուղղեցին իրենց հարցերը, զրույցն ավարտվեց բուռն ծափահարություններով: Իսկ հանդիպման ավարտին ուսանողները լուսանկարվեցին մերօրյա հերոսի հետ :
Նշենք, որ զինվորական լավ ծառայությամբ, հայրենասիրական քայլերով ու նաև ապրիլյան քառօրյային սխրանքով աչքի ընկած մեր բուհի ուսանողները շատ են: Տեղեկանալով նրանց մասին՝ մենք պարբերաբար անդրադառնում ենք նրանց, հիանում ու քաջալերվում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին