Նոր հրատարակություն՝ արդի պահանջներով. լույս է տեսել «Աուդիտ» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 2783

ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Լիանա Գրիգորյանի խմբագրությամբ և ղեկավարությամբ լույս է տեսել «Աուդիտ» ուսումնական ձեռնարկը (գրախոսությամբ Ա. Բայադյանի և Ա. Մաթևոսյանի)՝ տնտեսագիտական մասնագիտությամբ ուսանողների, աուդիտորական գործունեություն ծավալողների համար: Գիրքը հրատարակվել է  ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:

Հեղինակներն են՝ տ. գ. դ. Լիանա Գրիգորյան, տ. գ. դ., պրոֆեսոր Աղասի Սարգսյան, տ.գ.թ., դոցենտներ Կարեն Առաքելյան, Սոնա Ղազարյան, Աիդա Սարդարյան, Աննա Բայադյան, Վահան Բաբայան: Այն շարադրված է կրթական չափորոշիչների արդի պահանջներով, ներկայացված են աուդիտի տեսության, ընդհանուր, գործառնական և ֆինանսական ենթակառուցվածքների, աուդիտի, ինչպես նաև հաշվապահական փորձաքննության հիմնահարցերը:

«Այս աշխատությունը ամբիոնի գիտնականների համախմբված աշխատանքի արդյունքն է, և 2008 թվականին պրոֆեսոր Աղասի Սարգսյանի ղեկավարությամբ լույս տեսած դասագրքից հետո առաջին ամբողջական ու արդիականացված  ուսումնական ձեռնարկն է: Տնտեսագիտության բոլոր ոլորտներում օրեցօր գրանցվում է զարգացում և փոփոխություններ, հետևաբար աուդիտն էլ անմասն չէ դրանցից: Օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, մասնագիտական նոր մոտեցումներ են տեղ գտել այս ձեռնարկում, մասնավորապես՝ առաջին անգամ են ներկայացվում ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտը, գործառնական աուդիտը, հաշվապահական փորձաքննությունը»,-մեզ հետ զրույցում ասաց Լիանա Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ այն օգտակար կլինի ուսանողների և գործնական դաշտում աշխատողների համար:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ստեղծագործական  նոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին