Վարպետության դաս ՀՊՏՀ-ում. մեկնարկել է Երևանի արտաքին գովազդի փառատոնը

Դիտումների քանակ՝ 1792

Նոյեմբերի 20-25-ը մայրաքաղաքում անցկացվում է  Երևանի արտաքին գովազդի առաջին փառատոնը, որի շրջանակում տեղի են ունենում գովազդի, նորարարության և հաղորդակցման մասին վարպետության բաց դասեր, քննարկումներ, համաժողովներ և մրցանակաբաշխություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Փառատոնի միջոցառումների ծրագրով առաջին վարպետության բաց դասը փառատոնի կազմակերպիչների և ՈՒԽ համագործակցության արդյունքում  այսօր ՀՊՏՀ-ում էր. «Նորարարությունը արտաքին գովազդում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ գովազդի ոլորտում ավելի քան 19 տարվա փորձառություն ունեցող, այժմ  “Filmmaster” ընկերության, նախկինում՝ “Leo Brunett”-ի արտ-տնօրեն Սաադի Ալկուաթլին: Նրա աշխատանքները մրցանակներ են ստացել Կաննի, Քլիոսի, Լինքսի և Նյու Յորքի փառատոններում:

Միջոցառմանը ներկա  էին  Երևանի քաղաքապետարանի  արտաքին  ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, մարքեթինգի և գովազդի ոլորտի աշխատակիցներ, հյուրեր:

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ՈՒԽ փոխնախագահ  Գրիշա Ամիրխանյանը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանը, որպես մարքեթինգի և գովազդի ոլորտում մասնագետներ պատրաստող բուհ, անմասն չի մնում  Երևանի արտաքին գովազդի փառատոնից:  Մեր համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը  ներկայացրեց բանախոսին, կարևորեց փառատոնի անցկացումն ու նշեց, որ գովազդը ապրանքների  առաջմղման համար անփոխարինելի  գործիք է:

Փառատոնի մասին մանրամասներ ներկայացրեց Արազ Բաղդասարյանը, ով, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է: Նրա խոսքով՝ միջոցառման նպատակը ոչ միայն մրցանակաբաշխություն իրականացնելն է, այլև Երևանի գովազդային արշավները գնահատելը, իսկ գնահատումն իրականացնելու են համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ, մյուս կողմից, փառատոնը բացառիկ հնարավորություն է ուսանողների համար՝ անվճար մասնակցելու  ճանաչում ունեցող մասնագետների վարպետության դասերին:

«Փառատոնի  լավագույն աշխատանքները, հետազոտությունները  հնարավորություն կընձեռեն հեղինակներին աշխատելու համապատասխան ոլորտում, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը  կապող օղակ է դառնում ուսանողների և գործատուի համար»,-ասաց վարչության պետը:

Սկսելով բանախոսությունը՝ Սաադի Ալկուաթլին, ընդգծեց  գովազդի դերը և նշեց, որ գովազդային տարբեր  տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ազդեցություն թողնելու, սակայն, բացի դրանցից, կարևոր է ստեղծարարությունը: Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին տարբեր գովազդներ, որոնք աչքի էին ընկնում նոր մոտեցումներով: Օրինակ, “Samsung” ընկերության “Safety screen” («Ապահով էկրան») ծառայության  գովազդում նշվում էր, որ աշխարհում միլիոնավոր երեխաներ իրենց տեսողությանը վնասում են համակարգիչների, հեռախոսների, պլանշետների պատճառով, ապա առաջարկվում էր  «Ապահով էկրանը», որը օգնում է երեխաներին՝ աչքերից էկրանը պահել իդեալական հեռավորության վրա: Յուրաքանչյուր գովազդային հոլովակը դիտելուց հետո Սաադի Ալկուաթլին մեկնաբանում էր այն:  Բանախոսը գովազդում շեշտադրեց  լսարանին հասցեագրված գաղափարի, հաղորդագրության դերը:

Վարպետության դասից հետո նախատեսվում էր  տարբեր բուհերի գովազդի և մարքեթինգի բաժինների ուսանողների գովազդի ոլորտին վերաբերող զեկուցումները  փառատոնի պատվավոր ժյուրիի առաջ:

Տեղեկացնենք, որ փառատոնի շրջանակում ՀՊՏՀ-ում նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 14.30-ին տեղի կունենա Մելանի Քլենսիի վարպետության բաց դասը՝«Կրեատիվի դերը գովազդում» թեմայով:

    

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին