Հաստատվել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումների ցանկը
Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումները կկազմակերպվեն՝ առաջինը դեկտեմբերի 1-ին և 2-ին, իսկ երկրորդ վերահանձնումը՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Ուսումնական բաժնից մանրամասնեցին, որ պարտքերը վերահանձնել ցանկացողները պետք է մինչև նոյեմբերի 22-ը (22-ը ներառյալ) դիմում ներկայացնեն համապատասխան ֆակուլտետի դեկանատ՝ պարտք առարկան կամ առարկաները վերահանձնելու մասին:
Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսի քննաշրջանի արդյունքների մասին:
Ընթացիկ հարցերի շարքում գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը հիշեցրեց վաղը մեկնարկելիք ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի մասին՝ ևս մեկ անգամ հորդորելով պրոֆեսորադասախոսական անձնակազմին ակտիվ մասնակցություն ունենալ ոչ միայն լիագումար նիստին, այլև բաժանմունքների աշխատանքներին: Քննարկվեցին նաև ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների մի շարք դիմումները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին