Նոր ուսումնական ձեռնարկ՝ «Ֆինանսներ. թեստեր և խնդիրներ»
ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի խմբագրությամբ և ղեկավարությամբ լույս է տեսել «Ֆինանսներ. թեստեր և խնդիրներ» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև ֆինանսների ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար: Թեստերի և խնդիրների կազմման աշխատանքներին մասնակցել են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոսներ տ.գ.թ., պրոֆեսոր Լուկաշեն Բադանյանը, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը, տ.գ.թ., դոցենտներ Գոռ Չատինյանը, Վահան Բաղդասարյանը, Արմինե Ներսիսյանը, Արմենուհի Մհերյանը, Կարինե Միքայելյանը, Արմենուհի Սչանյանը, տ.գ.թ., ասիստենտ Մանե Մաթևոսյանը:
Մեզ հետ զրույցում Աշոտ Սալնազարյանն ասաց, որ այս ուսումնական ձեռնարկի ստեղծման գաղափարը վաղուց կար. թեստերի ու խնդիրների մեծ մասը կազմվել են դեռևս բուհում թեստային քննությունների արմատավորմանը զուգահեռ, ապա պարբերաբար հարստացվել և ամփոփվել են «Ֆինանսներ. թեստեր և խնդիրներ»-ում:
«Ձեռնարկը կոչված է ամրապնդելու ուսանողների տեսական գիտելիքները, զարգացնելու մասնագիտական խնդիրներ լուծելու հմտությունները: Բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողների շրջանում այն մեծապես կնպաստի «Ֆինանսներ» առարկայի քննություններին նախապատրաստվելուն, քանի որ պարունակում է շուրջ 900 թեստեր և խնդիրներ, լուծման օրինակներ, որոնք առկա են համակարգչային քննությունների բազայում», -ասաց պրոֆեսորը:
Տեղեկացնենք, որ ձեռնարկի որոշ օրինակներ կան նաև համալսարանի գրադարանում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին