ՀՊՏՀ ուսանող Տիգրան Հարությունյանը հաղթանակ է բերել Հայաստանին
Հայաստանի ուժեղագույն երիտասարդ միջազգային վարպետներից մեկը՝ Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2011թ համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, 2012թ. Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մրցանակակիր, Հայաստանի պատանիների յոթակի չեմպիոն Տիգրան Հարությունյանը ՀՊՏՀ հանրային ֆինանսներ մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է: Նա հաղթել է տարեսկզբին Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Այն քաղաքում կայացած շախմատի երիտասարդական բաց առաջնությունում, ինչի մասին տեղեկացանք օրերս:
Մրցաշարին մասնակցել են 143 շախմատիստներ՝ 11 երկրից։ Հայաստանն ունեցել է 5 ներկայացուցիչ՝ Տիգրան Հարությունյան, Արթուր Դավթյան, Վահե Դանիելյան, Հովհաննես Հակոբյան և Սոնա Ասատրյան։
Կայացած 9 տուրերի արդյունքում Տիգրան Հարությունյանը վաստակել է 7․5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը։ Այսպիսով, ՀՊՏՀ ուսանողը նոր տարում առաջին հաղթանակն է բերել Հայաստանին:
Մեր ուսանողի շախմատային հաջողությունները շատ են, և վերջին շրջանում դրանք նոր որակ և արժեք են ձեռք բերում, ինչի համար մենք հպարտ ենք: Այսօրվանից Տիգրան Հարությունյանը մասնակցելու է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, որը ուժեղագույն առաջնություն է:
Շնորհավորում ենք մեր մագիստրանտին և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին