«Խնայողությունների խաղ»-ում ՀՊՏՀ ուսանողների արձանագրած արդյունքը անգերազանցելի է Երևանում

Դիտումների քանակ՝ 1626

Խնայողությունների միջազգային օրվա առիթով՝ հոկտեմբերի 30-ին  տեղի է  ունեցել  Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառում, որի ընթացքում ամփոփվել են  հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված «Խնայողությունների խաղեր»-ի արդյունքները. Երևան քաղաքում անցկացված խաղերի արդյունքում 121 միավորով անգերազանցելի է համարվել ՀՊՏՀ թիմը: «Կարմիր» թիմի անդամներ Միլենա Համբարձումյանը, Լուսինե Անդրեասյանը, Լուիզա Մանուկյանը, Հակոբ Գրիգորյանը և Անահիտ Եփրեմյանը որպես պարգև ստացել են բանկային խնայողական հաշիվ (25 հազարական դրամով):

Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին համալսարանում  կազմակերպել էր «Խնայողությունների խաղ», որին մասնակցում էին 25 ուսանողներ՝ 5 թիմերի կազմում: Խաղում  հաղթել էր «Կարմիր» թիմը՝ կյանքի որակի 121 միավորով: Հենց այս արդյունքն էլ  հոկտեմբեր ամսին անգերազանցելի մնաց Երևան քաղաքում:

«Խնայողությունների խաղ»-ը  անձնական ֆինանսների տնօրինման տարբեր ասպեկտների շուրջ թիմային մրցակցային խաղ է, որի նպատակն է զարգացնել անձնական ֆինանսների կառավարման և խնայողությունների վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ոսկերչյանը, ով մեր բուհում  այդ խաղի խաղավարն է և  հատուկ վերապատրաստում է անցել, բնութագրեց «Խնայողությունների խաղ»-ը և նշեց, որ  ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել: Եվ այսպես, խաղի բնույթը սիմուլյացիոն է, ընտանեկան կոնկրետ կարգավիճակներում ստեղծվում են կերպարներ (հայր, մայր, քույր, տատիկ և այլն), և պետք է կարողանան կառավարել իրենց ֆինանսները և խնայողություններ կատարեն: Այն թիմը, որն ամենաշատն է  կարողանում գտնել խելամիտ լուծումներ և հասնել հաջողության (անշարժ գույք գնել, երեխային կրթություն տալ և այլն), ըստ վաստակած միավորների, հաղթում է: Խաղը մեր համալսարանում  շարունակաբար անցկացվելու է:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ-ականներին և մաղթում նոր նվաճումներ:

Լուսանկարը՝ ուսանողական խորհրդից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին