ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալագիր է ստացել Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանից
Մեր համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհակալագիր է ստացել՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի (РИНХ) կազմակերպած «Հարավային և Արևելյան Եվրոպան՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների խաչմերուկում» խորագրով 6-րդ միջազգային ամառային դպրոցին (ASECU կոնֆերանս) ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների մասնակցությանն աջակցելու համար:
Ստանալով շնորհակալագիրը՝ համալսարանի ռեկտորն ընդգծեց, որ ինքը խիստ կարևորում է միջազգային հարթակներում կազմակերպված նախագծերին մեր ուսանողների մասնակցությունը: «Հատկապես արևորում եմ գիտական աշխատանքների ներկայացումը, չէ՞ որ գիտահետազոտական ուղղության զարգացումը մեր համալսարանի հռչակած առաջնահերթություններից է»,- շեշտեց Կորյուն Աթոյանը:
Տեղեկացնենք, որ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Հարություն Մելքոնյանը և Մարտին Մովսիսյանը սեպտեմբերի 12-17-ը Դոնի Ռոստովում մասնակցել են վերոնշյալ կոնֆերանսին. միջազգայնագետ-ուսանողները ներկայացել են, համապատասխանաբար, «Գյուղատնտեսություն և սննդի անվտանգություն» և «Աղքատություն. հաստատուն լուծումներ» թեմաներով զեկուցումներով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ ավելի վաղ կայացած զրույցում Հարություն Մելքոնյանն ասել էր, որ իր աշխատանքում գյուղատնտեսությունը դիտարկել է համաշխարհային տնտեսության մեջ՝ որպես գյուղաբնակների ապրուստի միջոց և վեր է հանել տնտեսության այս ճյուղում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ:
Մարտին Մովսիսյանի զեկուցման առանցքում քննարկվել են ներկայում աղքատության առաջացման պատճառները, մատնանշվել է 8 կետ, որոնք կօգնեն հաղթահարել աղքատությունը: Հետաքրքրական է, որ մեր ուսանողը իր հետազոտական աշխատանքում նաև կանանց և աղջիկների կրթությունն է կապել աղքատության առաջացման հետ. ըստ նրա, ինչքան կրթված են լինում կանայք, այնքան տվյալ երկիրը բարեկեցիկ է լինում և հակառակը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին