«Երկու կյանք». կայացավ ՀՊՏՀ ուսանողուհու գրքի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1600

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի  ուսանողուհի Անի Սարգսյանի հեղինակությամբ լույս է տեսել «Երկու կյանք» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում՝ նույն ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին նշված ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, ուսանողներ, ասպիրանտներ:

Անի Սարգսյանը, ներկայացնելով գիրքը, ասաց, որ  բանաստեղծությունների ժողովածուն ծնունդ է ապրումների, հույզերի ու զգացմունքների: Թե ինչու «Երկու կյանք»՝ հեղինակը պարզաբանեց.  ինքը սպասված զավակ է եղել ծնողների համար… Անիի ծնունդից 4 տարի առաջ մահացել է եղբայրը, և Անին վերաիմաստավորել է ծնողների կյանքը, սփոփել նրանց: Մահացած եղբոր մասին Անին լսել է ծնողներից և այն համոզմունքին է, որ իր մեջ երկու կյանք կա: Սիրո, հույս ու հավատի մտորումներ են խտացված ուսանողուհու բանաստեղծություններում:

Բանաստեղծությունների թեմաները տարբեր են՝ սեր, կարոտ, բնություն, հայրենասիրություն… Ժողովածուի ստեղծման պատմությունն ամփոփվում է  համանուն՝  «Երկու կյանք» բանաստեղծության մեջ:

Ուսանողուհուն շնորհավորեց և հաջողություն մաղթեց  Սոնա Ղազարյանը՝ ընդգծելով՝ հպարտ է, որ իր ֆակուլտետում կան տաղանդաշատ ուսանողներ, ովքեր ստեղծագործող են, նախաձեռնող, պրպտող և կարողանում են գաղափարներ կյանքի կոչել:

Հեղինակն իր մակագրությամբ ժողովածուի օրինակներ նվիրեց ներկաներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ  զրույցում  Անի Սարգսյանը նշեց, որ ստեղծագործելն իր համար անփոխարինելի է, իսկ ոգեշնչման աղբյուր կարող է լինել ամեն ինչը: Մեր ուսանողուհին գրում  է և' արձակ, և' չափածո: Ինչպես նշում է՝ կարևոր է, որ մարդը լավատես լինի և ապրի՝ հանուն ապրելու:

Հավելենք, որ Անի Սարգսյանը սովորում է գերազանց առաջադիմությամբ և ներգրավված է Առաջին ուսանողական ալիքի աշխատանքներում:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վիգեն Հարությունյանը նշեց, որ շնորհանդեսը կազմակերպելը կարևոր էր, քանի որ  խրախուսեց և ոգեշնչեց  տաղանդավոր  ուսանողներին: ՈւԽ նախագահը վստահ է, որ ֆակուլտետում շատ են ստեղծագործող ուսանողները, և շուտով նաև նրանք են ներկայացնելու իրենց աշխատանքները:

Շնորհավորում ենք Անի Սարգսյանին և մաղթում նոր ստեղծագործություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին