Մեր ուսանողուհիները՝ ԱրՊՀ ՈւԳԸ կոնֆերանսում

Դիտումների քանակ՝ 1545

Հոկտեմբերի 4-7-ը Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում, տեղի է ունեցել Ուսանողական գիտական ընկերության միջագային կոնֆերանս՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Մեր համալսարանից կոնֆերանսի «Տնտեսագիտություն» բաժանմունքի աշխատանքներին  մասնակցել են միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Իսայանը՝ «Հարկային անկատար համակարգը և դրա հաճախակի փոփոխությունները՝ որպես ՀՀ տնտեսության մրցունակության խոչընդոտ (վարքագծային ասպեկտով)» թեմայով զեկուցմամբ (գիտական ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Նարինե Խալաթյան) և ֆինանսական ֆակուլտետի ապահովագրություն մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Լուսինե Իսկանդարյանը «Ուղիղ ապահովագրություն (առցանց վաճառքներ). լավագույն միջազգային փորձը և զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով զեկուցմամբ (գիտ. ղեկ. Գայանե Հարությունյան):

Մեր ուսանողուհիները համալսարանի գիտական կյանքի աշխույժ մասնակիցներ են և Արցախ էին մեկնել գիտության և ասպիրանտուրայի բաժնի անմիջական հրավերով և բուհի ղեկավարության ֆինանսական աջակցությամբ:

Մեզ հետ զրույցում Լիանա Իսայանը նշեց, որ զեկուցման թեմայի ընտրությունը կատարել է ինքնուրույն՝ կարևորելով թեմայի արդիականությունը և վերլուծությունը կառուցել է տնտեսագիտական համատեքստում: Նրա խոսքով՝ աշխատանքի հիմքում հաշվարկվել է հարկային բազմարկիչը (մուլտիպլիկատոր), որի համար իրականացրել է առցանց հարցում՝ 450 հարցվողների շրջանում՝ պարզելու համար խնայողության սահմանային հակումը: Անդրադարձել է նաև հարկային օրենսգրքի նախագծին, լրամշակված տարբերակում կատարված փոփոխություններին, հատկապես այն դրույթներին, որոնք մտահոգիչ են հանրության համար:

Ինչպես մեզ տեղեկացրեց Լուսինե Իսկանդարյանը, իր ուսումնասիրության թեման ապահովագրության ոլորտի նորամուծություններն են, ինչի կարիք հայաստանյան շուկան ունի: Հեղինակը առցանց ապահովագրության մասին հարցում է անցկացրել, որպեսզի բացահայտի Հայաստանում ուղիղ ապահովագրության ներդրման հեռանկարները:

Բացի բաժանմունքի աշխատանքներից, ՀՊՏՀ ուսանողուհիներն ակտիվորեն մասնակցել են նաև կոնֆերանսի շրջանակներում անցկացվող քննարկումներին, մտքերի փոխանակումներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին