Մեծարում և արժևորում

Դիտումների քանակ՝ 2135

ՀՊՏՀ ռեկտորատը՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօր իր շնորհավորանքի խոսքը հղեց ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռոբերտ Գալոյանին և ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Սիմոն Հակոբյանին՝ ծննդյան 70-ամյա հոբելյանների առթիվ: Երկու գիտնականների հոբելյաններն էլ այս ամսին էին:

Նախ դիմելով Ռոբերտ Գալոյանին՝ Կորյուն Աթոյանը բարձր գնահատեց նրա վաստակը՝ շեշտելով, որ վաստակաշատ գիտնականը բուհում է եղել հենց համալսարանի սկզբնավորման տարիներից: «Շնորհակալություն Ձեզ, պարոն Գալոյան, որ մեր կողքին եք, մեր համալսարանում եք աշխատել այսքան տարի: Մեծ է Ձեր վաստակը, ինչի առիթով իմ շնորհակալությունն եմ հայտնում և մաղթում առողջություն և բեղմնավոր աշխատանք նաև հետագա տարիներին»,- ասաց համալսարանի ռեկտորը:

Կորյուն Աթոյանը հոբելյարին հանձնեց նաև շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես նշված է. «Ձեր  գործընկերները և սաները երկար տարիներ ճանաչել են Ձեզ՝ որպես բանիմաց, բարեխիղճ դասախոսի ու մանկավարժի: Դուք  մշտապես անջնջելի տպավորություն եք թողել Ձեր մարդկայնությամբ,  սկզբունքայնությամբ, պատասխանատվության մեծ զգացումով: Ձեր աշխատանքի ոճը և ուսումնական  գործին ողջ էությամբ նվիրվելը հաճելի են դարձրել Ձեզ հետ գործընկերությունը: Ձեր գիտահետազոտական աշխատանքի արգասիքը՝ բարձրագույն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկները, դասախոսությունների տեքստերը, մշտապես կիրառություն են ստացել և համապատասխանել են գիտության նոր խոսքին, դասավանդման արդի մեթոդներին և միևնույն ժամանակ  մեծ հեղինակություն բերել Ձեզ թե՛ գործընկերների և թե՛ ուսանողության շրջանում:

Որքան մեծ է ծնողի հպարտությունը, երբ իր զավակին տեսնում է հասուն ու կայացած,  և երջանկություն է, երբ նա էլ քեզ պես կիսում է գիտության, կրթության նվիրյալի ու մշակի բարդ, բայց պատվավոր առաքելությունը: Այո, Դուք նաև երջանիկ ծնող եք. Ձեր մեծ ունակությունները,  աշխատասիրությունը, գիտությանը ծառայելու հաստատակամությունը փոխանցել եք Ձեր սերունդներին»:

Պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի մարդկային կերպարը ու անցած ճանապարհը նույնպես պատվաբեր է մեր համալսարանի համար: «Շնորհակալություն, որ մեզ հետ եք, որ դեռ աշխատում եք մեր համալսարանում: Առողջություն ու բեղմնավոր աշխատանք եմ ցանկանում Ձեզ նաև հետագայում»,- Սիմոն Հակոբյանին ասաց համալսարանի ղեկավար Կորյուն Աթոյանը:

Ռեկտորը Սիմոն Հակոբյանին նույնպես հանձնեց իր շնորհավորանքի խոսքը, որում մասնավորապես նշված է. «Առողջ ապրելակերպի, ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակության, հայրենասիրության և բարոյականության քարոզչի Ձեր կերպարը արժևորում ու ի ցույց է դնում բոլորիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական  մարզիկը, մանկավարժը, գիտնականը, գրողն ու հրապարակախոսը: Այո, բացառիկ օժտվածությամբ ու սկզբունքայնությամբ Դուք համատեղում եք գործունեության այս ոլորտները և յուրաքանչյուրում դրսևորում բարձր մասնագիտական հատկանիշներ: Իսկ մարդկային, գործընկերային Ձեր որակները  բարության, արդարամտության, աշխատասիրության ու լավատեսության խտացումներ են: Թերևս, Ձեր կենսագրությանը մեկ պարզ անդրադարձն արդեն բնութագրում է այն արժեհամակարգը, որին դավանել եք երիտասարդ հասակից, և որը Ձեզ առաջնորդում է այսօր:

Ձեր սաներից շատերը դարձել են ուսանողական խաղերի և հանրապետական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, սպորտի վարպետներ և վարպետության թեկնածուներ: Մենք քաջ տեղյակ ենք նաև ձեր ստեղծագործական ձիրքին՝ գրողի և լրագրողի բեղմնավոր ճանապարհին, որի վառ արգասիքն են բազմաթիվ պատմվածքները, հարցազրույցները, հրապարակախոսական հոդվածները մամուլում, «Գարուն» ամսագրում: Այստեղ տեղին է հիշել ու հիշեցնել, թե ինչ խանդավառությամբ ու սիրով Դուք մեր համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ կազմակերպեցիք «Արձակ – 2013» պատմվածքի մրցույթը, որն աննախադեպ էր և մեծապես հարստացրեց մեր բուհի հոգևոր, մշակութային կյանքը»:

Այսօր նաև գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի ծննդյան տարեդարձն է: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին նաև նրան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին