Հանրային դասախոսության ժամ. Մայքլ Հաննահանին ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար այսօր հանրային դասախոսության ժամ էր, որը վարում էր ԱՄՆ Մասաչուսեթսի համալսարանի հանրային քաղաքականության պրոֆեսոր Միքայել Հաննահանին: Թեման նվիրված էր ընտրությունների և քաղաքացիական կրթության հիմնահարցերին:
Նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ Սոս Խաչիկյանն է:
Մեզ հետ զրույցում Սոս Խաչիկյանը նշեց, որ պրոֆեսորը սիրով է արձագանքել իր հրավերին և Հայաստանում հնգօրյա այցի ընթացքում հանրային դասախոսություններով հանդես է եկել նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, Հայաստանում ամերիկյան դեսպանատանը կից «Գյումրու ամերիկյան անկյունում», Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա հավելեց, որ ՀՊՏՀ ապագա միջազգայնագետ ուսանողները հետաքրքրությամբ ունկնդրեցին դասախոսությունը, հարցեր ուղղեցին պրոֆեսորին՝ միաժամանակ երևան հանելով անգլերենի փայլուն իմացություն:
Սոս Խաչիկյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել Հաննահանին այսօր հանդիպել է մեր համալսարանի ղեկավարության հետ և քննարկել մեր համալսարանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին