Գործնական գիտելիքը՝ սկզբնաղբյուրից. հյուր էր Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը
Տնտեսագիտական համալսարանում ավանդույթ է դարձել գործնական ոլորտից հրավիրյալ մասնագետների բանախոսությամբ դասերի անցկացումը: Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Նորայր Սաֆարյանի նախաձեռնությամբ բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսում «Բանկային ռիսկերի կառավարում» առարկայի դասն այսօր վարեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, իրավաբան Գայանե Գալստյանը և օգնական Ալմաստ Մուրադյանը: Դասի շրջանակում ուսանողները առաջին ձեռքից ստացան հիմնադրամի գործունեության մասին տեղեկատվություն:
Ներկայացուցիչներից յուրաքանչյուրն անդրադարձավ իր մասնագիտական գործառույթներին և պարզաբանեց հիմնադրամի նպատակներն ու խնդիրները:
«Պաշտպանություն, վստահություն, հուսալիություն» կարգախոսով առաջնորդվող հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005թ., և նրա գործունեությունը նպաստում է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկվածություն ունեցող ավանդատուների շահերի պաշտպանությանը: Ի՞նչ է ավանդը և ինչո՞ւ է շահավետ այն ներդնելը, ինչո՞ւ պետք է ավանդատուն վստահի բանկերին, ի՞նչ է ավանդի տոկոսադրույքը, ո՞ր ավանդներն են երաշխավորվում, ինչպե՞ս է փոխհատուցվում ավանդը՝ բանկի սնանկանալու կամ նմանատիպ այլ դեպքերում. բանախոսության առանցքում այս հարցերն էին դիտարկվում: Ուշագրավ է, որ հիմնադրամը փոխհատուցում է մինչև 10 մլն դրամ:
Ինտերակտիվ հանդիպումը հնարավորություն ընձեռեց ուսանողներին ոչ միայն ունկնդրողի դերում լինել, այլև ուղղել հարցեր և ստուգել իրենց գիտելիքները:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դասախոս Նորայր Սաֆարյանն ուրախությամբ փաստեց, որ նմանօրինակ դասերի կազմակերպումը հետաքրքրական է ուսանողների համար, ինչի վկայությունն այն էր, որ այսօրվա դասին ներկա էին ոչ միայն 4-րդ կուրսի, այլ նաև այլ կուրսերի ուսանողներ, ովքեր, տեղեկանալով հանդիպման մասին, ցանկություն էին հայտնել մասնակցելու:
«Կարևորելով տեսական գիտելիքի զուգակցումը գործնականին՝ նախաձեռնում ենք նման հանդիպումներ, վստահ լինելով, որ հենց սկզբնաղբյուրից (գործնական ոլորտի աշխատակցից) ստանալով տեղեկատվությունը, ուսանողներն ամրապնդում են բուհում ստացած գիտելիքը: Նշենք, որ մասնագետներին հյուրընկալում ենք տվյալ կուրսում համապատասխան թեմայի դասավանդման ընթացքում` նկատի ունենալով նաև ուսանողների պահանջները: Սա արդյունավետ ձև է, ուստի այս կիսամյակում նախատեսում ենք կազմակերպել ևս մի քանի հանդիպումներ»,-ասաց Նորայր Սաֆարյանը:
Նշենք, որ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հայտարարում է ուսանողական մրցույթ, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում՝ նշված հղումով՝ adgf.am/index.php?al=news&p=1&id=59 :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին