Շոու-ծրագիր՝ «Արդյոք ովքե՞ր են»

Դիտումների քանակ՝ 1740

ՀՊՏՀ ՈւՀԱ «Нар-Хоз» թիմի նախաձեռնությամբ մեկնարկել է «Արդյոք ովքե՞ր են» շոու-ծրագիրը:  Այսօր համալսարանի մեծ դահլիճում  առաջին կիսաեզրափակիչն էր, որտեղ մրցում էին կառավարման, մարքեթինգի, բիզնեսի կազմակերպման և ֆինանսական ֆակուլտետների  ուսանողները: Մրցույթն անցկացվեց մի քանի փուլերով. առաջին փուլում ցուցադրվում էին տարբեր բնագավառների (կինո, երգարվեստ, նկարչություն,  սպորտ, քաղաքականություն և այլն) 30 հայտնի  մարդկանց լուսանկարներ, և մասնակիցները  7 վայրկյանում պետք է հարցաթերթիկի վրա նշեին տվյալ մարդու անուն-ազգանունը: Որպես լրացուցիչ հարց՝ առաջադրված էր նաև նշել համապատասխան մարդկանց մասնագիտությունները, օրինակ՝ ֆուտբոլիստ, դերասանուհի, նկարիչ: Այս փուլի արդյունքներով ընտրվեցին առավելագույն միավորներ վաստակած  6 ուսանողներ և մասնակցեցին 2-րդ փուլին: Բաժանվելով 3-ական խմբերի՝ թիմերը հանդես եկան «Գայլիկոն» և «ՀՄՄ» անվանումներով: Երկու թիմերը կրկին փորձեցին գուշակել, թե ովքեր են  ցուցադրվող լուսանկարների անձինք և ստացան համապատասխան միավորներ: Մրցույթի արդյունքում 2900 միավորով  այսօր հաղթող ճանաչվեց «ՀՄՄ» թիմը:

Նշենք, որ շոու ծրագիրը  շարունակվելու է. վաղը մասնակցելու են մյուս երեք՝ ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները, որոնց հետ մրցելու է նաև այսօր հաղթած «ՀՄՄ» թիմը: Ուրբաթ օրը կայանալու է  շոու-ծրագրի եզրափակիչ մրցույթը:

Ցուցադրվում են ինչպես հայ մեծերի, այնպես էլ՝ օտարազգի հայտնի  մարդկանց լուսանկարները: Միջոցառումը ոչ միայն ժամանցային է, այլև՝ կրթական-ճանաչողական:

Ծրագիրը համեմված է  հումորային կատարումներով և հարթակ է, որտեղ ուսանողները կարող են ի ցույց դնել իրենց գիտելիքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին