ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորը Եղեգնաձորի մասնաճյուղում ավարտել է գործունեությունը

Դիտումների քանակ՝ 1671

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում  հանդիսավորությամբ բարի ճանապարհ են մաղթել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Բրայան Սալիբային, ով ավարտել է մասնաճյուղում  2-ամյա գործունեությունը:

Մեզ հետ զրույցում մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը բարձր գնահատեց  Բրայան Սալիբայի աշխատանքը և նշեց, որ նրա աշխատաոճին բնորոշ է մեծ պատասխանատվությունն ու հետևողականությունը:

«Բրայան Սալիբայի ջանքերով է Եղեգնաձորի մասնաճյուղում ստեղծվել տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնը, այնուհետև  այն համալրվել է անհրաժեշտ  տեխնիկայով: Նրա աջակցությամբ է ստեղծվել նաև մասնաճյուղի կոնֆերանս դահլիճը, որը հեռավար սեմինարներ անցկացնելու հնարավորություն է ընձեռում»,-ասաց Սոս Խաչիկյանը և հավելեց, որ կամավորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դասավանդել է անգլերեն, իրականացրել է մի քանի հետազոտական ծրագրեր, վարել է սեմինարներ, ուղղորդել է ուսանողներին մասնագիտական մի շարք հարցերում:

Սոս Խաչիկյանը կամավորին է հանձնել հավաստագիր և ի նշան երախտագիտության՝  խորհրդանշական հուշանվեր՝ խաչքարի մանրակերտ, որն ուսանողներն իրենց ձեռքերով էին փորագրել փայտի վրա՝ ցանկանալով, որ Բրայան Սալիբան իր հետ տանի մի կտոր Հայաստան:

Նշենք, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսը  ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից`աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Այդ ժամանակից ի վեր՝ հազարավոր կամավորներ   ծառայել են աշխարհի ավելի քան 139 երկրում։ Խաղաղության կորպուսի նպատակներից են  հյուրընկալող երկրին մասնագիտական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև երկու երկրների միջև փոխըմբռնումը խորացնելը: Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից` Հայաստանի կառավարության հրավերով:

Լուսանկարները՝ Եղեգնաձորի մասնաճյուղից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին