Միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոնին
Հոկտեմբերի 8-ին «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով կանցկացվի «Էրեբունի-Երևան-2798» տոնակատարությունը: Մայրաքաղաքի տոնի առիթով ՀՊՏՀ ուսխորհրդականներն այսօր կազմակերպեցին խորհրդանշական միջոցառումներ:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ երկար դասամիջոցին բակում հայկական ավանդական ուտեստների և մրգերի հյուրասիրություն էր. պասուց տոլմա, փոխինդ, գաթա, հալվա, մեղր, լավաշ, նուռ, խաղող… ուսանողներն իրենց ձեռքերով էին պատրաստել ամենը և հայկական տարազներով հյուրասիրում էին: Շնորհալի ուսանողուհի Սուսաննա Նաջարյանը կատարում էր «Հեյ ջան, Երևան» երգը:
Ֆակուլտետի ՈւԽ նախագահ Վիգեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Էրեբունի-Երևան»-ի տոնն ամեն տարի համալսարանում նշանավորելը գեղեցիկ ավանդույթ է դարձել, միջոցառման կազմակերպմանն ակտիվորեն ներգրավվել են 1-ին կուրսեցիները:
Կառավարման ֆակուլտետի ուսխորհուրդը դասերի ավարտից հետո կինոդիտում կազմակերպեց՝ ուսանողներին համախմբելով «Մեր բակը-1» ֆիլմի շուրջը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ուսանողուհիները մայրաքաղաքին նվիրված երգ կատարեցին: Կինոդիտումը հաճելի հիշողություններ արթնացրեց. առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 1997թ. Ամանորի գիշերը: «Մեր բակը» Երևանի մասին պատմող ֆիլմերից է և կոչ է անում սիրել մեր մայրաքաղաքը:
Շնորհավոր տոնդ, արևի' քաղաք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին