Մեր ուսանողները՝ լավագույն լողորդներ

Դիտումների քանակ՝ 1088

ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ  հանրապետական մարզական խաղերի շրջանակում  հոկտեմբերի 8-ին Երևանի «Սպիտակ տնակ» լողավազանում անցկացվել են  լողի անհատական մրցումները, որին մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի  պետական բժշկական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական համալսարանների,  Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի  և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի  65 մարզիկներ:

Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը՝ առաջնությունն անցկացվել է 50մ մրցատարածությունում, 4 լողաոճերում՝ ազատ ոճ, բրաս, թիկնալող և  դելֆին:

ՀՊՏՀ ուսանողները նվաճել են 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ. մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսեցի (հեռակա)  Վլադիմիր Մամիկոնյանը ազատ լողաոճի տղաների առաջնությունում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, թիկնալողի տղաների առաջնությունում 2-րդ տեղը  զբաղեցրել է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Սևակ Վարդանյանը, բրաս լողաոճի աղջիկների առաջնությունում 3-րդ տեղը՝  հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Մարգարիտա Մանասյանը:

ՀՀ բուհերի ուսանողների 17-րդ  հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը մեկնարկել է  հոկտեմբերի 2-ին՝ հրաձգության մրցաշարով: Առաջիկայում կանցկացվեն առաջնություններ ֆուտզալ, վոլեյբոլ և այլ մրցաձևերից, իսկ խաղերը կեզրափակվեն դեկտեմբերին:

Ուսանողների հանրապետական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին:

Լուսանկարը՝ համացանցից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին