Ուսանողները զարգացնում են բանակցային հմտությունները
«Իսկ դու գիտե՞ս՝ ինչպես ճիշտ բանակցություններ վարել». մեր համալսարանի ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնած սեմինարի հերթական թեման է:
Սեմինարը, որը տեղի ունեցավ այսօր, կազմակերպվել էր կառավարման ֆակուլտետի ՈւԽ-ի հետ համատեղ և նպատակ ուներ լրացնելու ուսանողների գիտելիքները: Նշենք, որ սեմինարների թեմաներն ընտրվում են՝ նկատի առնելով ուսանողների հետաքրքրությունները: Բանակցությունների անհրաժեշտություն միշտ կա՝ տարբեր խնդիրների լուծման նպատակով, ուստի կարևոր է իմանալ բանակցելու հիմնական սկզբունքները:
Բանախոսը կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Մուրադյանն էր, ով շեշտադրեց հաջող բանակցություններ վարելու կանոնները: Նախ՝ բանակցության համար կարևոր է բանակցային մթնոլորտի առկայությունը, ապա՝ նպատակի (շահի) հստակ սահմանումը, համապատասխան թեմայի մասին պատշաճ իմացությունը, փոխգործակցելու, դիմացինի կարծիքը կամ դիրքորոշումը լսելու պատրաստակամությունը, սեփական դիրքորոշումը հիմնավորելը, փաստերով խոսելը և այլն: Հատկանշական է՝ բանակցող կողմերը ոչ թե վիճում են, այլև կենտրոնանում շահերի, խնդիրների վրա և փոխհամաձայնության հասնում: Նկատի ունենալով, որ լսարանում ապագա տնտեսագետներ են՝ բանախոսը առանձնահատուկ անդրադարձավ բիզնես բանակցություններ վարելու կանոնների վրա:
Սեմինարը նաև գործնական էր. ունկնդիրներին բաժանվեցին ստուգողական թերթիկներ, որի պատասխանների քննարկմանը ներգրավվեց ամբողջ լսարանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին