Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ սպառողների շահերի պաշտպան. սեմինար-քննարկում

Դիտումների քանակ՝ 1756

Մեր համալսարանի ուսումնական բաժնի  և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համագործակցության շրջանակում այսօր բուհում կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը, ֆինանսական ինստիտուտներից օգտվելու հնարավորությունները, ռիսկերը:

Բանախոսում էր Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջները ընդունող մասնագետ Մանե Բաբաջանյանը: Ինչպես նշվեց՝ ՀՀ կենտրոնական բանկի հիմնադրած հաշտարարի գրասենյակը անկախ կառավարման համակարգով կառույց է և մարդկանց օգնություն է  ցուցաբերում անվճար: Գրասենյակը զբաղվում է ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանությամբ և  լուծում է ֆինանսական կազմակերպությունների կողմից սպառողների իրավունքների խախտման հետևանքով ծագած վեճերը : Մասնագետը թվարկեց, թե որ դեպքերում կարող են դիմել հաշտարարին, ինչ սկզբունքներով է գրասենյակը սկսում գործի քննությունը: Ինչպես ցույց է տալիս փորձը՝ զգալի վեճեր են ծագում  տարատեսակ  վարկերից օգտվողների և վարկը տրամադրողի միջև՝ կապված ամսական մարումների, վարկային պայմանագրի կետերից մեկի խախտման հետ: Սա նկատի ունենալով, Մանե Բաբաջանյանը նշեց՝ ինչ պետք է իմանալ վարկ վերցնելիս և ինչից պետք է զգուշանալ: Դիտարկվեցին նաև բանկային քարտեր ունեցող, ավանդներ ներդրած, ԱՊՊԱ պայմանագրեր կնքած անձանց  և համապատասխան կառույցների (օրինակ՝ բանկի) միջև ծագած վեճեր:

Բանախոսը օրինակներ բերեց և հարցերի միջոցով ուսանողներին ներգրավելով քննարկմանը՝ նրանց հետ պարզաբանեց, թե որ դեպքերում են խախտվում  սպառողների իրավունքները և ինչ մեխանիզմներով  է գրասենյակը վերականգնում դրանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին