ՀՊՏՀ-ում նշվեց ականավոր տնտեսագետ Նորայր Մանասերյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը
ՀՊՏՀ ռեկտորատի նախաձեռնությամբ այսօր նիստերի սրահում նշվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ականավոր գիտնական Նորայր Մանասերյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը, որին ներկա էին մտավորականներ, գիտնականներ, գործընկերներ, նրա ասպիրանտները, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ինչպես նաև տնտեսագիտության տեսության (նախկինում՝քաղաքատնտեսության ամբիոն, որի վարիչն է եղել Նորայր Մանասերյանը) ամբիոնի գիտնականներ: Հոբելյանական նիստը բացեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հիշատակի ու արժևորման սույն նախաձեռնությանը ներկա գտնվելու համար, անվանի գիտնականի գործունեության ու մարդկային նկարագրի շուրջ մեծարման խոսք ասաց, ապա խոսքը փոխանցեց ներկաներին:
Տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր Իշխան Խլղաթյանը ամբիոնի անունից սրտի խոսք ասաց՝ մանրամասն ներկայացնելով պրոֆեսոր Նորայր Մանասերյանի կենսագրականը, գիտական և մանկավարժական, ինչպես նաև օրենսդիր գործունեությունը: Նա ընդգծեց գիտնականի մեծ վաստակը, առաջադիմական գաղափարները, որոնց շարքում առանձնացրեց հանրային տնտեսություններում անհատական և ընտանեկան վարձակալական հիմունքներով հողօգտագործման անհրաժեշտության առաջարկը, որը, ըստ բանախոսի, այդ ժամանակ հակասության մեջ էր գտնվում տիրապետող պաշտոնական տեսությունների հետ:
«Նորայր Մանասերյանի գիտական գործունեությունը ամփոփված է երեք հարյուրից ավելի գիտական աշխատություններում, որոնց մի մասը՝ արտերկրում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ից դուրս: Պրոֆեսոր Մանասերյանի գիտական հոդվածներն այսօր էլ պարբերաբար լույս են տեսնում ԱՄՆ-ում, Կանադայում, Միջին Արևելքում՝ Սփյուռքի հայալեզու պարբերականներում»,- ընդգծեց Իշխան Խլղաթյանը՝ ավելացնելով, որ ինքը եղել է Նորայր Մանասերյանի հետ աշխատած երիտասարդ գիտնականներից, ուստի կարող է ասել՝ պրոֆեսորն առանձնանում էր իր երկրին, իր հողին նվիրված մարդու վարքագծով:
Ելույթի խոսք ասաց ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանը՝ Նորայր Մանասերյանին գնահատելով որպես առաջադեմ մարդ, քաղաքական գործիչ ականավոր գիտնական, Հայաստանի անկախության ջատագով: Հիշատակի, արժևորման սրտի խոսք ասացին և հուշեր պատմեցին նաև միջոցառմանը ներկա մյուս մասնակիցները՝ Գերագույն Խորհրդում պրոֆեսորի հետ աշխատած Գագիկ Աբրահամյանը, ԿԲ նախկին նախագահ, տ.գ.դ., պրոֆեսոր Բագրատ Ասատրյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Նորայր Մանասերյանի ասպիրանտ Ատոմ Մարգարյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը, ՀՀ ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ. տ.գ.դ. Աշոտ Եղիազարյանը:
Բոլոր արտահայտվողները պատմեցին ականավոր գիտնականի հետ կապված իրենց հիշողությունները, արժևորեցին նրա գիտական վաստակը, ներդրումը սերունդների կրթության և դաստիարակության գործում: Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ:
Միջոցառումը եզրափակեց նրա որդին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անկեղծ շնորհակալություն հայտնելով ներկաներին և իր հայրիկին՝ իրեն թողած ժառանգության համար: «Ես շնորհակալ եմ ոչ միայն ասված խոսքերի, այլև լռության համար, քանի որ անգամ նրանք, ովքեր չարտահայտվեցին, ես տեսա նրանց մտքերը, խոհերը: Հայրս շատ խոսել չէր սիրում, երջանիկ են նրանք, ովքեր առիթ են ունեցել նրա հետ զրուցելու»,- նշեց Թաթուլ Մանասերյանը՝ միաժամանակ հայտնելով, որ իր հոր ծննդավայրի՝ Գետազատ գյուղի դպրոցն այսօր անվանակոչվել է Նորայր Մանասերյանի անունով: Նա նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին առաջարկեց Նորայր Մանասերյանի մրցանակ սահմանել ուսանողների տնտեսագիտական լավագույն աշխատանքների համար՝ այդպիսով խրախուսելով երիտասարդներին: Կորյուն Աթոյանը ուրախությամբ արձագանքեց այս առաջարկին, ապա եզրափակելով հանդիպումը՝ նշեց. «Եթե մարդը այսպես հիշվում է, ուրմն նա ապրում է»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին