Դասախոսում է «Էրասմուս+» ծրագրով ժամանած լեհաստանցի պրոֆեսորը

Դիտումների քանակ՝ 1692

Մեր համալսարանում շարունակվում է «Էրասմուս+» ծրագրով արտասահմանյան բուհերի դասախոսների հյուրընկալությունը: Այսօր ՀՊՏՀ մի խումբ ուսանողների համար առաջին դասն սկսվեց Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի  դասախոս, դոկտոր, պրոֆեսոր  Վիեսլավ Մատվիեյչուկի՝  «Ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդները» թեմայով դասախոսությամբ: Հյուրին ներկայացրեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ Վիեսլավ Մատվիեյչուկը մեծ փորձ ունի տնտեսագիտության և ճարտարագիտության ոլորտներում և, անշուշտ, ուսանողներին փոխանցելու է գործնական գիտելիքներ:

Հանդիպման մեկնարկին ներկա էին արտաքին կապերի բաժնի   պետ Վարդ Ղուկասյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը:

Մինչ դասախոսության թեմային անցնելը պրոֆեսորը համառոտ անդրադարձ կատարեց իր աշխատանքային կենսագրությանը (շուրջ 30 տարի՝ բիզնեսի և կառավարման ոլորտում), ապա խոսեց Լեհաստանի տնտեսական վիճակի մասին, ներկայացրեց Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի ֆակուլտետները:

Դասախոսության շրջանակում քննարկվեցին ներդրումային ծրագրերի արդյունավետության (էֆեկտիվության) գնահատման ձևերը:

Պրոֆեսորը ներդրումային ծրագրի էությունը բացատրեց որպես համապատասխան միջոցառումների  համալիր, այնուհետև այն դիտարկեց իբրև զարգացման գործոն՝ պարզաբանելով, թե երբ է այն անհրաժեշտ և որքանով է շահեկան:  Ներդրումային ծրագրի արդյունավետության  գնահատման հիմնական սկզբունքերը դիտարկելիս, օրինակ, պրոֆեսորը նշեց ծրագրի տարբեր ժամանակահատվածներում գնահատում իրականացնելը: Քննարկվեց գնահատման մեթոդներից յուրաքանչյուրի առանձնահատկությունը (օրինակ, թե ինչու է անհրաժեշտ  վիճակագրական մեթոդի կիրառումը): Բանախոսության ընթացքում Վիեսլավ Մատվիեյչուկը հարցադրումներ ներկայացրեց լսարանին, նաև  պատասխանեց ունկնդիրների հարցերին:

Տեղեկացնենք, որ օրվա երկրորդ կեսին լեհաստանցի դասախոսը  նույն թեմայով բանախոսեց նաև մարքեթինգի ամբիոնի թիվ 1 լսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին