Առաջիկայում նոր համալրում ՀՊՏՀ-ում. մեկնաբանում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը

Դիտումների քանակ՝ 2119

2016-2017 ուսումնական տարվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունելությունը մոտենում է ավարտին: Շուտով համալրման պատկերը պարզ կդառնա ամբողջովին: Օրերս ավարտվեց նաև մագիստրատուրայի և բակալավրիատի հեռակա կրթաձևի դիմումների հայտագրումը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի հետ մեր զրույցը նպատակ ունի արտացոլելու այս գործընթացը:

«Ելնելով հանրապետության ժողովրդագրական, ինչպես նաև կրթական շուկայի իրավիճակից՝ մեր համալսարանում հեռակա կրթաձևում հայտագրման պատկերը կարող ենք գնահատել բավարար. բակալավրիատի համար հայտագրվել է 256, մագիստրատուրայի համար՝ 303 դիմորդ: Այսպիսով ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ավարտել է հայտագրման փուլը և թևակոխել փաստաթղթավորման ու քննությունների կազմակերպման բավականին աշխատատար փուլ»,-ասաց Մերի Բադալյանը:

Առաջիկայում քննություններն են: Ուշադրություն: Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ հեռակա մագիստրատուրայի ընդունելության շեմային հարցազրույցը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 14.30-ին: Բոլոր դիմորդները ժամը 14.00-ին անձնագրերով պետք է ներկայանան ընդունող հանձնաժողով՝ գրանցվելու: Հեռակա բակալավրիատի քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 9-ին, 16-ին, համապատասխանաբար՝ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու», «Օտար լեզու» առարկաներից: Նշված օրերին, առավոտյան 8.30-ին բակալավրիատի դիմորդները քննաթերթիկներով և անձը հաստատող փաստաթղթերով պետք գտնվեն ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի մոտ (Նալբանդյան 128 հասցեում):

Հաջողություն բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին