Հոբելյանական մեծարում և ուսումնական գործընթացի քննարկում՝ ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 1819

Սեպտեմբերի 23-ին լրացավ  ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արամ Սարգսյանի ծննդյան 70-ամյակը:

Չխախտելով գեղեցիկ ավանդույթը՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօրվա ռեկտորատի նիստը սկսեց հոբելյարին ուղղված ջերմ բարեմաղթանքներով: Համալսարանի աշխատակազմի և ուսանողության անունից շնորհավորելով վաստակաշատ պրոֆեսորին՝ Կորյուն Աթոյանը համառոտ ներկայացրեց նրա անցած բեղուն ճանապարհը և մեծ վաստակը համալսարանում, սերունդների կրթման և դաստիարակման գործում: «Ես չեմ ցանկանում խոսել պարոն Սարգսյանի մասնագիտական որակների մասին, որոնք հայտնի են, բայց շատ եմ ցանկանում խոսել նրա մարդկային բարձր հատկանիշների, նրա տեսակի մասին, որը շատ քիչ է հանդիպում մեզանում: Ես հպարտ եմ, պարո՛ն Սարգսյան, որ Ձեր ժամանակակիցն եմ և որ պատիվ ունեմ Ձեզ հետ աշխատելու»,- դիմելով հոբելյարին՝ ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը և հանձնեց շնորհավորական ուղերձը:

«Դուք անցել եք արժանապատիվ մի ճանապարհ, որն արտաքին հայացքից բնորոշ է բոլոր գիտնական-մանկավարժներին, սակայն տարիների հանրագումարի խորքում այն ունի անմնացորդ նվիրումի, ստեղծարարության, մարդկայնության ու անաչառության բազում դասեր: Ձեր սկզբունքային, բարեխիղճ, բարի ու անմիջական խառնվածքով Դուք ոգևորում, հայրենասիրություն ու հայրենատիրություն,  գործի ու պարտականության նկատմամբ անձնվիրություն եք սերմանում Ձեր գործընկերների ու սաների մեջ: Երկարուձիգ տարիներ մեծ սիրով ու նվիրվածությամբ Դուք մշտապես լսարան եք մտնումª Ձեր գիտելիքը փոխանցելու, ճանաչողության մի նոր էջ բացելու Ձեր սաների առջև: Ե°վ երիտասարդների, և° տարիքակից գործընկերների համար Ձեր ընդդիմախոսությունն ու քննադատական խոսքը ընդունելի է, քանի որ կառուցողական է, բարձր պրոֆեսիոնալիզմի ու բարի կամքի արտահայտություն: Գիտության մեջ Ձեր ներդրումը ծանրակշիռ է. մենագրություններ, դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, անհաշվելի թվով հոդվածներ, բազմաթիվ այլ հրապարակումներ»,- մասնավորապես նշված էր ռեկտորի ուղերձում:

Արամ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց և իր խոսքում հիշեց Տնտեսագիտական համալսարանում աշխատանքի անցնելու պատմությունը՝ շեշտելով, որ ուրախ է նման աշխատանքային ճանապարհ ունենալու համար: «Տարիքի հետ ոչինչ չի փոխվել, ավելացել է միայն փորձն ու գիտելիքը, իսկ աշխատանքը ես շարունակում եմ կատարել նույն եռանդով և նվիրվածությամբ»,- ասաց պրոֆեսորը:

Այնուհետև ռեկտորատն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը՝ դեկանները զեկուցեցին առկա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսի ընդունելության արդյունքների մասին, իսկ ուսումակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց 2016-2017 ուսումնական տարվա փոխատեղման արդյունքները հաստատելու մասին հարցը: Պրոռեկտորը նշեց, որ մանդատային հանձնաժողովը դիմումները քննարկել է սեպտեմբերի 24-ին, արդյունքում առկա բակալավրիատից և մագիստրատուրայից փոխատեղվել է 74 ուսանող: Ռեկտորատը հաստատեց մանդատային հանձնաժողովի որոշումը:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները, իսկ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց «Հորիզոն - 2020» ծրագրին մեր բուհի անդամակցության նախնական փուլի արդյունքները: Այս մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը կհրապարակենք ավելի ուշ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին