1 կիսամյակ՝ արտերկրի համալսարաններում. ներկայացվեց «Էրասմուս +»-ը

Դիտումների քանակ՝ 1668

Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ ՀՊՏՀ ուսանողների համար այսօր կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում  նշված բաժնի պետ Վարդ Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ «Էրասմուս+» ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև  ուսանողներ, ովքեր ծրագրի շրջանակում  նախորդ կիսամյակում ուսանել են արտերկրում՝ ծրագրի գործընկեր բուհերում:

«Էրասմուս+»-ը (European Region Action Scheme for the Mobility of University  Students) կրթաթոշակ է տրամադրում գործընկեր համալսարանների ուսանողներին և արտերկրում սովորելու հնարավորություն ընձեռում:

ՀՊՏՀ-ն ծրագրին մասնակցում է 2015-2016 ուստարվանից: Ուսումնառությունը 4-6 ամիս է, (կախված տվյալ համալսարանում 1 կիսամյակի տևողությունից),  2016-2017 ուստարում կարող են դիմել  բակալավրիատի 2-րդ և 3-րդ, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները, ասպիրանտները:

Վարդ Ղուկասյանն անդրադարձավ նաև ծրագրին դիմելու քայլերին, կեցության հետ կապված հարցերի:

Հանդիպման ավարտին արտերկրից վերադարձած ուսանողները ներկայացրին իրենց տպավորությունները: Վառնայի տնտեսագիտական համալսարանում ուսանած Մարի Ավանեսյանի  խոսքով՝ «Էրասմուս +»-ը սովորելու, շրջագայելու, նոր ընկերներ ձեռք բերելու, այլ ազգերի մշակույթին ծանոթանալու բացառիկ  հնարավորություն է:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 20-ին «Էրասմուս+»-ը ներկայացվել է Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում:

Ծրագրի վերաբերյալ հայտարարություններ, մանրամասն  տեղեկություններ կարող եք  գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի  “Erasmus+” խորագրի ներքո (տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է), իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝  asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին