Պրոֆեսոր Միքայել Մելքումյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Միքայել Մելքումյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Այս առիթով մենք շնորհավորեցինք հարգարժան պրոֆեսորին և խնդրեցինք նրա մեկնաբանությունը:
«Շատ հպարտ եմ, որ արժանացել եմ պետական այս բարձր պարգևին, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհին իմ պետական, հասարակական-քաղաքական, ինչպես նաև օրինաստեղծ գործունեությամբ: Բացի բարձր գնահատական լինելուց, սա նաև պարտավորեցնում է՝ ապագայում էլ հավուր պատշաճի արժանի լինել այդ պարգևին: Մեր երկրի ու տնտեսության առջև ծառացած հիմնախնդիրները եթե չենք կարող միանգամից լուծել, ապա պետք է փորձենք հնարավորինս մեղմացնել»,- ասաց Միքայել Մելքումյանը և հավելեց, որ իր ծավալած օրինաստեղծ գործունեության մեջ ներգրավված են նաև իրենց ամբիոնի երիտասարդ մասնագետները, աշխատակիցները, և արդյունքում այդ գործունեությունը լրացնում է ուսումնական և գիտակրթական գործընթացը և ծառայում որպես արդյունավետ աշխատանքի գրավական:
Հիշեցնենք՝ «Մխիթար Գոշ» մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին