Դասը վարեց հրավիրված մասնագետը

Դիտումների քանակ՝ 1644

Մեր համալսարանում դասախոսությունները վարում են ոչ միայն ՀՊՏՀ դասախոսները, այլև՝ բաց դասերի տեսքով՝  համապատասխան ոլորտներից հրավիրված մասնագետները: Նպատակը մեկն է՝ ուսանողին գործնական գիտելիք տալ:

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում այսօր «Ֆինանսական վերլուծություն» առարկայի դասը վարեց հրավիրյալ մասնագետ, միջազգային ֆոնդային շուկայի ինքնուրույն տրեդեր (ֆինանսական վերլուծաբան) Սմբատ Ռոստոմյանը: Դասախոսությանը ներկա էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ղեկավար Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, տվյալ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու  Վահան Բաբայանը:

Դասախոսության շրջանակում անդրադարձ կատարվեց կառավարչական որոշումների կայացման գործընթացում ֆինանսական վերլուծաբանի գործառույթներին, տեղին ու դերին և ֆինանսական վերլուծության տեսակներին (ֆունդամենտալ և տեխնիկական):

Խոսելով ֆինանսական վերլուծաբանի գործառույթների մասին՝  մասնագետը առաջինը  նշեց, որ նրա հիմնական խնդիրը ընկերության արդյունավետության հիմքերը, խոչընդոտները բացահայտելն է, ապա ընկերության զարգացման թիրախները գտնելը:

Պարզաբանվեց, օրինակ, թե ֆինանսական վերլուծաբանը ինչ տեղեկատվություն պետք է տրամադրի ընկերության ղեկավարին:

«Սմբատ Ռոստոմյանը արտադրական ոլորտում մեծ փորձ ունի, մասնավորոպես, նա  աշխատել է «Սիգարոն» ՍՊԸ ղեկավար կազմում (որպես գործադիր տնօրեն), ուստի հրավիրել ենք նրան, որպեսզի իր գործնական գիտելիքները ներկայացնի մեր ուսանողներին»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Վահան Բաբայանը:

Դասախոսությունն անցավ  հարցուպատասխանի ձևաչափով:

ՀՊՏՀ  Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին