Խորվաթիան՝ որպես ուսումնառության և զբոսաշրջության երկիր. բանախոսեց Թեա Գոլյան
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում և արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների և դասախոսների այսօրվա հյուրն էր Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի դասախոս Թեա Գոլյան:
Մինչ հյուրին ներկայացնելը և խոսք տրամադրելը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանն անդրադարձ կատարեց «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ գործունեությանը, որով նոր՝ 2016-2017 ուսումնական տարում շարունակվելու է ուսանողների, դասախոսների և վարչական անձնակազմի աշխատակիցների գործուղումները գործընկեր համալսարաններ, ինչպես նաև այնտեղի դասախոսների և ուսանողների հյուրընկալումը մեր բուհում: Նա ներկայացրեց ծրագրին դիմելու որոշ ընթացակարգային դրույթներ և տեղեկացրեց, որ ցանկացողները ավելի հանգամանալից ծրագրին կարող են ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առաջիկայում կայանալիք տեղեկատվական հանդիպումներին:
Շարունակելով Վարդ Ղուկասյանի անդրադարձը «Էրասմուս+» ծրագրին՝ Թեա Գոլյան ներկայացրեց իրենց համալսարանը և կրթության, կեցության և ժամանցի այն պայմանները, որոնք ապահովում են ծրագրի մասնակից ուսանողների համար: Թեա Գոլյայի հետ մեր համալսարանում էր նաև նրա ասիստենտը՝ Սանյա Դոլերեսը: Դասախոսության բուն թեման՝ «Անդրադարձ Խորվաթիայի զբոսաշրջությանը», նպատակ ուներ արտացոլելու երկրի զբոսաշրջային գրավչությունը և զարգացման հեռանկարները: Բանախոսի ներկայացմամբ՝ Խորվաթիան այցելուներին աշխարհագրական, պատմական, մշակութային յուրատեսակ բացահայտումներ է խոստանում: Զբոսաշրջությունը նա դիտարկեց տնտեսության զարգացման, կայուն տնտեսական առաջընթացի հիմնախնդիրների համապատկերում, ապա ներկայացրեց երկրի տնտեսական կարևոր ցուցանիշներ:
Ավարտին բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին