Ցերեկույթ՝ նվիրված անկախության 25-ամյակին

Դիտումների քանակ՝ 1320

ՀՊՏՀ-ականները շարունակում են ներկայացնել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ինքնատիպ միջոցառումներ: Ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդականների նախաձեռնությամբ այսօր մեծ դահլիճում գեղարվեստական ցերեկույթ էր, որտեղ երիտասարդները ներկայացրին մեր հայրենիքի անկախության կերտման  փառավոր ուղին: Միջոցառումն ուշագրավ էր՝ հետաքրքիր բեմականացումներով, պատմական փաստերի ներկայացմամբ, ազգային երգ ու պարով, կենդանի կատարումներով. սա անկախության սերունդն է, սերունդ, որ ծնվել է անկախ Հայաստանում և լավ գիտի իր պատմությունը, ոգեղեն ուժ է ստացել մեր անկախությունը կերտողների սխրանքներից, մեծացել է ռազմահայրենասիրական երգերի ներքո, ձևավորվել՝ իբրև պայքարող, չընկրկող տեսակ:

ՀՊՏՀ-ականները պատկառանքով հիշեցին հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիներին, առանձնահատուկ անդրադարձան ապրիլյան քառօրյա պատերազմին:

Այս ցերեկույթը հաղորդագրություն էր, որ երիտասարդ սերունդը քաջ  գիտե՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը հզոր և անպարտելի է բոլոր ժամանակներում, անկախությունը անփոխարինելի է:

Հավելենք, որ սեպտեմբերի 21-ի օրամուտը ՀՊՏՀ ուսխորհրդականները դիմավորել են «Եռաբլուր» փառքի պանթեոնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին