Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դիտումների քանակ՝ 1667

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում այսօր տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև քոլեջի մանկավարժներն ու ուսանողները:

Քոլեջի ուսանողները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել, որի ընթացքում ներկայացրեցին պատմական ակնարկ Հայաստանի անկախացման ժամանակաշրջանից, ընթերցեցին ՀՀ Անկախության հռչակագիրը, ցուցադրեցին իրենց ռազմական գիտելիքները՝ մասնավորապես զենքից օգտվելու հմտությունները, հնչեցրին հայրենասիրական երգեր:

Ելույթով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ 25 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեով հռչակված անկախությունը այս օրերին բոլորիս տոգորել է հայրենասիրության վառ զգացումներով: «Անցած 25 տարիները մեզ համար պետականաշինության, երկրի շենացման, շատ արժեքների և գաղափարների վերաարժևորման ժամանակաշրջան էր: Մենք ցանկանում էինք կերտել այն բաղձալի երկիրը, որտեղ ապրելը արժանավայել կլիներ:

Անկախությունը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, մեզ առաջադրեց բոլորովին նոր իրողություններ, որոնցով ապրեցինք ոչ միայն մենք, այլև մի նոր սերունդ՝ անկախության սերունդը: Այն պայծառ է, լուսավոր, ինքնահաստատ և լավատես:  Որպես կրթության գործի կազմակերպիչ՝ ես հիացմունք եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ խելացի և օժտված է ներկա սերունդը, որքան իղձեր ունի, որքան նախաձեռնող է իր ապագայի կառուցման գործում: Սա այն սերունդն է, որն իրապես կրում է ազատ և անկախ ապրելու գաղափարը, որը ոչ պակաս հայրենասեր է, քան այն սերունդը, որի շնորհիվ Արցախյան ազատամարտում մենք նվաճեցինք փայլուն հաղթանակ: Ասածիս վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն է, որն ապացուցեց հայ զինվորի բազկի ուժը, մեր երիտասարդների անսահման հայրենասիրութունն ու անկոտրում կամքը: Մենք քաջալերվում և նոր լիցքեր ենք ստանում անկախության սերնդի նորօրյա ձեռքբերումներից»,- ասաց համալսարանի ռեկտորը, ում ելույթի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչ Արա Ոսկանյանը, ով համագործակցության և անկախության 25-ամյակի առթիվ գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի անունից պատվոգիր հանձնեց քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանին: Քոլեջի տնօրենն իր խոսքում հայտարարեց Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ հանձնելու մասին, որն այս տարի շնորհվեց «Ապահովագրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի գերազանցիկ ուսանողուհի Զոյա Բարաղամյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին