Տնտեսագիտական համալսարանն ավարտեց հիմնանորոգման ու բարեկարգման հիմնական աշխատանքները

Դիտումների քանակ՝ 1290

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2011թվականի աշնանից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները մոտեցել են ավարտին: Համալսարանի վեց մասնաշենքերի հիմնանորոգման, բարեկարգման և կահավորման աշխատանքներն ավարտվել են:

Վերջին մասնաշենքում՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, ամռանից սկսված աշխատանքներն այժմ ավարտվել են՝ հնարավորություն ընձեռելով նաև այս ֆակուլտետի ուսանողներին և աշխատակիցներին՝ վայելելու բարենորոգ և գեղեցիկ միջավայրը: Այստեղ ևս հիմնովին վերանորոգվել են ֆոեները, աշխատասենյակներն ու լսարանները, պահպանվել է ամբողջ համալսարանում ներդրված ոճը՝ բրենդային գույները, ձևավորումը, նաև՝ հարդարումը և կահավորումը:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին վերանորոգվել էին համալսարանի մյուս 5 մասնաշենքերը, հիմնովին վերակառուցվել էր համալսարանի բակը՝ դառնալով ուսանողների և աշխատակիցների համար գողտրիկ վայր, վերանորոգվել և տեխնիկապես հագեցվել էին մյուս ենթակառուցվածքները, որոնց թվում՝ «Տնտեսագետ» հրատարակչությունը, բուֆետը, մարզասրահները, ստեղծվել էին «Ամբերդ» հետազոտական  և միջազգային ծրագրերի իրականացման ժամանակակից կենտրոնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին