Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի այս ուսումնական տարվա առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 1171

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ 2016-2017 ուստարվա ռեկտորատի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին և ուսանողների վարձավճարների հավաքագրման մասին: Զեկուցմամբ հանդես եկան ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների դեկանները և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Ավագ Հակոբյանը: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ նիստի մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ապա խոսքը տրամադրեց զեկուցողներին: Դեկանները և քոլեջի տնօրենը ներկայացրին նախորդ ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, ընդ որում՝ բակալավրիատում և մագիստրատուրայում, համաձայն կրթաձևերի (առկա, հեռակա), հեռացման ենթակա ուսանողների թիվը: Հաջորդիվ զեկուցվեց վարձավճարների հավաքագրման մասին և ըստ ֆակուլտետների ներկայացվեց, թե վճարովի համակարգում սովորող ուսանողներից քանիսն ունեն վարձի վճարման խնդիր, պարզաբանվեցին պատճառներն ու քննակվեցին համապատասխան դիմումները:

Ընթացիկ հարցերի թվում դեկանները զեկուցեցին ուսանողների դիմումների մասին, որոնք հիմնականում առողջական խնդիրների հետ կապված բացակայություններին էին վերաբերում (ներկայացվեցին բժշկական տեղեկանքները). ռեկտորատի որոշմամբ այս բացակայությունները համարվեցին հարգելի: Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին