Ոգեշնչված՝ անկախությամբ. Անկախության տոնին նվիրված ֆլեշմոբ
Հայաստանի Հանրապետության 25-ամյա հոբելյանին ընդառաջ՝ խանդավառ ու հուսառատ են բոլորը: Անկախության տոնը ոգեշնչման աղբյուր է, և ամեն տարի համալսարանականներն այն նշանավորում են գեղեցիկ միջոցառումներով: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր երկար դասամիջոցին համալսարանի բակում կազմակերպվեց ֆլեշմոբ, որտեղ արժևորվում էին հայի անկոտրում կամքը բնութագրող ազգային երգն ու պարը, մեր անկախ պետականությունը խորհրդանշող եռագույնը, անվտանգության երաշխավոր հայկական բանակը:
ՀՊՏՀ շնորհալի ուսանողուհիները հայկական Քոչարու հնչյունների ներքո միասնության պար էին բռնել, իսկ նրանց աչքերում հայրենիքի հանդեպ սիրո փայլն էր առկայծում:
Եռագույնի խորհուրդը՝ պայքարի (հողի), խաղաղության (կապույտ երկնքի) ու աշխատանքի (նարնջագույնի) թևածում էր յուրաքանչյուրի սրտում: Ուշագրավ է, որ ուսանողուհիների խորհրդանշական շապիկներին մակագրված էր «Փա'ռք հայոց զինվորին»: Սա երախտիքի յուրատեսակ խոսք է՝ ծնված գիտակցումից, որ մեր երկիրը ազատ ու անկախ է նախևառաջ Հայ զինվորի շնորհիվ:
Ծնունդդ շնորհավոր, անկախ Հայաստան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին