Հրշեջ ավտոմեքենայի ցուցադրում՝ ՀՊՏՀ-ում
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա առիթով (նշվում է սեպտեմբերի 4-ին) հանրապետության բուհերում, դպրոցներում և այլ հաստատություններում իրականացվում են տարբեր միջոցառումներ:
Երևանի փրկարարական վարչության «Կենտրոն» բաժնի կողմից անցկացվող միջոցառումների շրջանակում այսօր ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ հրշեջ ավտոմեքենայի և տեխնիկայի ցուցադրում: Մեր համալսարանում էին Երևանի 8-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի ներկայացուցիչներ՝ ջոկատի խմբի պետ Վարազդատ Ղազարյանը:
Միջոցառմանը ներկա էին տարբեր կուրսերի ուսանողներ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներ, դասախոսներ, բուհի աշխատակիցներ:
Ջոկատի խմբի պետ Վարազդատ Ղազարյանը, ներկայացնելով հրշեջ տեխնիկան, նշեց, որ այն Հայաստանում առկա հրշեջ-մեքենաներից նորագույնն է: Ջոկատի խմբի պետն անդրադարձավ մեքենայի գործառույթներին, ցուցադրեց փողրակները, փրկարարական գործիքները (լուսավորության սարքեր, մկրատներ և այլն), բացատրեց, թե դրանք ինչպես և որ դեպքերում են կիրառվում:
Ցուցադրության ավարտից հետո ԱԻՆ աշխատակիցները պատասխանեցին ուսանողների հարցերին: ՀՊՏՀ-ականներից մեկն օրինակ, հետաքրքրվեց՝ արդյոք նոր տեխնիկայով են համալրված նաև ՀՀ մարզերը: Ի պատասխան, ԱԻՆ աշխատակիցն ասաց, որ նոր սերնդի տեխնիկայով առավելապես հագեցած են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատները, առաջիկայում նախատեսվում է նոր համալրում նաև մարզերում:
Մեզ հետ զրույցում մեր համալսարանի ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, դոցենտ, Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ ՔՊ ձևավորման անձնակազմը պետք է կատարելապես տիրապետի հրդեհները մարելու աշխատանքներին և միշտ պատրաստ վիճակում պահի այդ նպատակի համար նախատեսված միջոցները:
«1-ին հերթին կարևոր է որոշակի դարձնել հրդեհի բնույթը, սահմանները, ուղղությունն ու տարածման արագությունը, այնուհետև կատարել հակահրդեհային աշխատանքները, ստեղծել մարման ճանապարհներ ու հնարավորություններ՝ հրդեհի գոտում գտնվող մարդկանց փրկելու համար: Ցանկալի է օբյեկտների շինարարության ժամանակ նրանց մեջ ներդնել հրակայուն նյութեր, ստեղծել հակահրդեհային անջրպետներ, ելքեր և այլն»,-ասաց դոցենտը և հավելեց, որ հրդեհների ժամանակ ճիշտ կողմնորոշվելու տեսանկյունից միջոցառումը կարևոր էր և՛ ուսանողների, և՛ աշխատակիցների համար:
Հավելենք նաև, որ 2015-2016 ուստարվա ավարտին Սիրանուշ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից, Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար արժանացել է պատվոգրի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին