«Ամենախելացին» հեռուստանախագծի հաղթող ՀՊՏՀ ուսանողը Կիպրոսում մասնակցել է ամառային դպրոցի

Դիտումների քանակ՝ 1625

«Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի 3-րդ եթերաշրջանի հաղթող,  ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Պետրոսյանը, որպես մրցանակ, ձեռք էր բերել արտերկրում ամառային դպրոցի մասնակցելու ուղեգիր: Օգոստոսի  2-16-ը  մեր ուսանողը գտնվել է Կիպրոսում և մասնակցել անգլերենի ամառային դպրոցի:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց ամառային դպրոցից ստացած  տպավորությունները: Տիգրանի բնորոշմամբ՝ դպրոցը հանգիստն ու ուսումը համատեղելու հիանալի հնարավորություն էր:

«2 շաբաթ խորացրեցինք մեր անգլերենի գիտելիքները՝ շեշտը դնելով բանավոր հաղորդակցության հմտությունների զարգացման վրա: Դպրոցը հետաքրքիր էր՝ ուսուցումը գործնական էր, ինտերակտիվ, համախմբել էր տարբեր ազգերի ներկայացուցիչների, ինչը միջմշակութային հաղորդակցություն էր ստեղծել»,-ասաց Տիգրանը և հավելեց, որ դպրոցում անգլերենի ուսուցումը կատարվել է ըստ իմացական մակարդակի, և ինքը ձեռք է բերել IELTS-ի B2 մակարդակ:

Հայաստանի ամենախելացի ուսանողը, բացի ուսումնառությունից, այցելել է  Լիմասոլի   պատմամշակութային վայրեր, հարստացրել նաև մշակութային գիտելիքները: Տիգրանը տպավորված է Կիպրոսով, նրան դուր է եկել հատկապես  Միջերկրական ծովը:

Կիպրոսից վերադառնալուց հետո, ակտիվ հանգստի սիրահար Տիգրան Պետրոսյանը մասնակցել է «Բազե -2016» համահայկական մրցույթին՝ ներկայացնելով Սյունիքը (Տիգրանը Կապան քաղաքից է):

Այժմ էլ, ուսումնառությանը զուգահեռ, Տիգրանը մասնակցում է  “Что, где , когда” ինտելեկտուալ խաղին, նրանց խումբը ձևավորվել է «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի մասնակիցներից:

Հավելենք, որ ՀՊՏՀ-ում սովորող, Հայաստանի «ամենախելացի» ուսանողին կանդրադառնանք նաև «Տնտեսագետ» ամսագրի առաջիկա համարում՝  «Մեր շնորհալիները» խորագրի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին