«Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» գիտաուսումնական խումբը ներկայացրել է հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը

Դիտումների քանակ՝ 1216

«Ուղեղային կենտրոններն արդի քաղաքական գործընթացներում» ՀՊՏՀ գիտաուսումնական խումբը ներկայացրել է մեկ տարվա հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը՝ աշխատանքն ամփոփելով 132 էջում: Հիշեցնենք, որ հետազոտական խմբի ղեկավարն է «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրենի տեղակալ, ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը, խմբի անդամներն են  ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սոֆյա Օհանյանը և ՀՊՏՀ նույն ամբիոնի դասախոս, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի հայցորդ Արփինե Մալքջյանը:

Հետազոտական աշխատանքի հեղինակները նշում են, որ վերջին տասնամյակների քաղաքական գործընթացներում աստիճանաբար մեծանում է հանրային քաղաքականության նոր սուբյեկտների, հետազոտական, վերլուծական հատուկ կառույցների` ուղեղային կենտրոնների (Think Tanks) դերակատարությունը: Հետազոտության մեջ քննարկվում են ժամանակակից քաղաքական գործընթացներին այդ կենտրոնների մասնակցության հիմնահարցերը, մասնավորապես, դիտարկվում են ուղեղային կենտրոնների էությունը, դրանց ձևավորման ու զարգացման պայմանները, դրանց նշանակությունը արդի քաղաքական դերակատարների համակարգում և, այդ համատեքստում, Հայաստանի ուղեղային կենտրոնների կայացման առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները:

Աշխատանքը կարող է հիմք դառնալ «Ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականությունում» դասընթացի, ուսումնական ձեռնարկի պատրաստման համար և օգտակար լինել քննարկված հիմնահարցերով զբաղվող մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին, բոլոր նրանց, ում հետաքրքրում են արդի քաղաքական գործընթացներում ուղեղային կենտրոնների դերակատարության խնդիրները:

Հետազոտական աշխատանքն ամբողջությամբ հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/gitausumnakan/ATOYAN_OHANYAN_MALKJYAN_-_TT-in-contemporary-political-processes.pdf :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին