ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում այս ամառ հանգստացել է մի քանի հարյուր աշխատակից և ուսանող

Դիտումների քանակ՝ 1437

Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանը օգոստոսի 25-ին ամփոփել է իր աշխատանքը: Այս ամառ, հուլիսի 2-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում մարզաառողջարանը գործել է 4 հերթափոխով՝ 13-օրյա հանգիստ կազմակերպելով յուրաքանչյուր հերթափոխում հանգստացողների համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մարզաառողջարանի պետ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանն ասաց, որ այս տարի մեր մարզաառողջարանում հանգստացել են ՀՊՏՀ աշխատակիցներ, դասախոսներ, նրանց ընտանիքի անդամներ, ուսանողներ, ընդ որում՝ 20 ուսանող Արցախի պետական համալսարանից, ընդհանուր թվով՝ 440 մարդ:

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս կազմակերպեցինք արշավներ դեպի Ջուխտակ վանք, Մաթոսավանք, էքսկուրսիաներ դեպի Հաղարծին, Գոշավանք, մարզական միջոցառումներ և այլն: Տարբերվեց հատկապես վերջին՝ ուսանողական հերթափոխը, որը հագեցած էր երիտասարդական հետաքրքիր ծրագրերով»,-ասաց Հակոբ Կյոկչյանը և ընդգծեց, որ հատկապես արցախցի ուսանողները տպավորված էին մարզաառողջարանով, նրանք ցանկություն են հայտնել հաջորդ ամառ ևս իրենց հանգիստն անցկացնելու «Տնտեսագետ» ում:

«Տնտեսագետ» մարզաառողջարանում աշխատել են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներ Հակոբ Կյոկչյանը, Ալիսա Զարեյանը (մարզաառողջարանի պետի տեղակալ), հանգստացողների համեղ սնունդն ապահովել են մեր համալսարանի բուֆետի հմուտ խոհարարները:

Երեկ ՀՊՏՀ  ուսանողները մարզառողջարանից  վերադարձել են բուհ, մեր տեսախցիկն արձանագրել է ակնթարթներ  (վերջին լուսանկարը):

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին