ՀՊՏՀ-ում ընթանում են առկա մագիստրատուրայի ընդունելության շեմային քննությունները

Դիտումների քանակ՝ 1949

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ընթանում են առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության շեմային քննությունները: Առավոտյան ժամը 10.00-ից մեր համալսարանի ֆակուլտետներում եռուզեռ է. մագիստրատուրայի դիմորդները, նախքան քննասենյակներ մտնելը, կրկին հայացք են գցում հարցաշարերին, փորձում վերհիշել սովորածը: Քննություններն անցկացվում են բանավոր, համապատասխան մասնագիտությունների գծով հաստատված հարցաշարերով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջայց է կատարել ֆակուլտետներով, արձանագրել ակնթարթներ, զրուցել դիմորդների հետ:
Աղավնի Աբրահամյանը կորպորատիվ ֆինանսներ մասնագիտության դիմորդ է, մեզ հետ զրույցում նա նշեց, որ բակալավրական կրթություն է ստացել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: «Ցանկանում եմ մագիստրոսական կրթությունս ստանալ ՀՊՏՀ-ում, որովհետև այն հեղինակավոր տնտեսագիտական բուհ է: Նպատակ ունեմ զարգացնելու մասնագիտական հմտություններս և աշխատելու համապատասխան ոլորտում, ընտրել եմ կորպորատիվ ֆինանսներ մասնագիտությունը և շատ եմ ցանկանում աշխատել որպես ֆինանսիստ»,-ասաց Աղավնին:

Դիմորդներ Աննա Աստոյանը և Լիլիթ Հարությունյանը մեր բուհի մարքեթինգ մասնագիտության շրջանավարտներ են, նրանք ցանկանում են հարազատ բուհում ստանալ նաև մագիստրոսի աստիճան և 2-րդ մասնագիտություն. պատրաստվում են սովորել հանրային ֆինանսներ մասնագիտությամբ: 2-րդ մասնագիտությունն, աղջիկների դիտարկմամբ, կընդլայնի իրենց աշխատանքային հնարավորությունները:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի փոխանցմամբ՝ առկա մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքները (ընդունվածների ցուցակները) նախատեսվում է հրապարակել այս ուրբաթ:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում շարունակվում է 2016-2017 ուստարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունը (մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ): 
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին