ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը այցելել են «Ուսանողական ամառ-2016» մարզամշակութային փառատոնի մասնակիցներին

Դիտումների քանակ՝ 1393

Օգոստոսի 13-19-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում ընթանում է «Ուսանողական ամառ-2016» մարզամշակութային փառատոնը, որը մեր բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությունն է: Այս տարի փառատոնը կրում է խորհրդանշական «Մենք Արցախն ենք» խորագիրը, մեր համալսարանի 6 ֆակուլտետները ներկայացնում են Արցախի տարբեր շրջանները,  ինչպես, օրինակ՝ «Շահումյան», «Քարվաճառ»:

ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ  Հովիկ Աբրահամյանը երեկ այցելել է մարզաառողջարան, ծանոթացել ճամբարականների առօրյային,  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի և ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի  ուղեկցությամբ շրջայց կատարել մարզաառողջարանում, ծանոթացել հանգստի պայմաններին, զրուցել ուսանողների հետ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն  Աթոյանի խոսքով` բուհի ղեկավարությունը շատ է կարևորում աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպումը, ինչի վկայությունը յուրաքանչյուր տարի Դիլիջանում գտնվող բուհի մարզաառողջարանում կազմակերպվող հանգստյան 4 հերթափոխներն են: Չորրորդ հերթափոխում հիմնականում հանգստանում են բուհի ուսանողները, որոնք էլ ամեն տարի հանդես են գալիս ուշագրավ նախաձեռնություններով: «Մեզ համար շատ կարևոր է աշխատակիցների, նաև ուսանողների հանգիստը, որը հնարավորություն է տալիս համալսարանի ուսանողությանն ակտիվորեն ներգրավվել բուհի կյանքում, ճանաչել միմյանց, ավելի կապվել հարազատ կրթօջախի հետ: Յուրաքանչյուր տարի, արդեն ավանդույթի ուժով, ես և համալսարանի խորհրդի նախագահը այցի ենք գնում ուսանողներին, ծանոթանում նրանց արձակուրդային առօրյային»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց նաև պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի հետ, ով վարչապետի այցից ներկայացրեց մանրամասներ: Պրոռեկտորի խոսքով՝ պատվավոր հյուրերին հանդիսավոր կերպով դիմավորել են փառատոնի մասնակից 6 ուսանողական ջոկատները: Հովիկ Աբրահամյանը ճամբարականների հետ միասին հետևել է ուսանողների մարզական առաջնություններին, անձամբ պարգևատրել հաղթողներին, եղել  նաև հրաձգարանում: Հովիկ Աբրահամյանն ուսանողների հետ մասնակցել է  տոնական խնջույքի, երեկոն ավարտվել է  խարույկի շուրջ` կիթառի նվագակցությամբ: Ճամբարում խարույկը վառվել է  հենց վարչապետի ձեռքով: Երեկոյի ընթացքում ուսանողները  վարչապետին են հղել կրթության և երիտասարդության հիմնախնդիրների շուրջ իրենց հետաքրքրող հարցերը: ՀՀ Կառավարության ղեկավարը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և ուսանողներին կոչ արել` լավ սովորել:

Պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը հավելեց, որ վերջին՝ 4-րդ հերթափոխում հանգստանում են հիմնականում ուսանողները, այդ թվում՝ Արցախի պետական համալսարանից (յուրաքանչյուր հերթափոխում Արցախի պետական համալսարանից անվճար հիմունքներով  հանգստացել է 4, ընդհանուր՝ 20 ուսանող):

«Ուսանողների առօրյան բավականին հագեցած է, հանգստի պարտադիր մասն են կազմում մարզական միջոցառումները, էքսկուրսիաները, պատմամշակութային վայրեր այցելությունները: Ուսանողների մոտ առանձնակի խանդավառություն առաջացրեց  փառատոնը, որի շուրջ համախմբվեցին բոլորը: Փառատոնը կեզրափակվի վաղը՝ օգոստոսի 19-ին»,-նշեց Սևակ Խաչատրյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին