Կորյուն Աթոյանը ՀՊՏՀ խորհրդի նիստում միաձայն վերընտրվեց համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ խորհրդի նիստ՝ ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, խորհրդի անդամները:
Օրակարգի առաջին հարցը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի քննարկում և հաստատում», ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Մինչ ծրագրի բովանդակային ներկայացումը Կորյուն Աթոյանը նշեց, որ ռազմավարական ծրագիրը, որը կազմել է նախապես ձևավորված խումբ, արժանացել է բուհի գիտական խորհրդի հավանությանը:
Ծրագրի ստեղծմանը նախորդել է տևական աշխատանք՝ կատարվել են ներքին և արտաքին շահակիցների պահանջմունքների ուսումնասիրություն, հստակեցվել են ներկա հիմնախնդիրները, վերաձևակերպվել է համալսարանի առաքելությունը, հստակեցվել է բուհի տեսլականը, ճշգրտվել են գերակայությունները: Ռազմավարական ծրագրի իրագործման համար պատրաստվել է գործողությունների ծրագիր, սահմանվել են գլխավոր նպատակներն ու ենթանպատակները, գործողությունների պատասխանատուները, ցուցիչները, ինչպես նաև գործողությունների կատարման ժամանակացույցը:
Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց ծրագիրը՝ կանգ առնելով գլխավոր շեշտադրումների վրա, խոսեց շահակիցների կարիքների և մարտահրավերների, ՀՊՏՀ առաքելության, համալսարանի հաջորդ փուլի որդեգրած արժեքների, ՀՊՏՀ տեսլականի, 2016-2020թթ ռազմավարական գերակայությունների մասին, որոնք են՝ կրթական գործընթացների բարեփոխում, որակյալ մարդկային ռեսուրսներով ապահովվածություն, եկամուտների բազմատեսակացում, նոր աղբյուրների գործարկում և շարունակական զարգացում, միջազգայնացում, կառավարման համակարգի բարելավում և գործընթացների կանոնակարգում քաղաքականությունների և ընթացակարգերի մշակմամբ և ներդրմամբ, կրթության որակի ներքին ապահովման համակարգի լիարժեք գործարկում: Կորյուն Աթոյանի խոսքով՝ առաջիկա տարիներին համալսարանի ռեսուրսները բաշխվելու են հօգուտ գերակա հռչակված զարգացման ուղղությունների. գործունեության մյուս ոլորտներին ռեսուրսներ հատկացվելու են` հաշվի առնելով, թե որքանով կարող են դրանք նպաստել ուսումնառության գործընթացի արդյունավետության և համալսարանի գրավչության մակարդակի բարձրացմանը:
Այս մասին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:
Ռազմավարական ծրագրի ներկայացումից հետո խորհուրդը միաձայն հաստատեց այն:
Անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ համալսարանն անցած 5 տարիների ընթացքում բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարևորում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված ժամանակի պահանջով:
Այս համատեքստում, վարչապետը նշեց, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: «Մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված են ժամանակի պահանջով: Վստահ եմ, որ Տնտեսագիտական համալսարանը քայլում է ժամանակին համահունչ, և այն բարեփոխումներն ու հիմնադրույթները, որոնք արտացոլված են 2016-2020 թվականների համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրում, դրա վկայությունն են:
Համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Առջևում են նոր մարտահրավերներ և կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը և համոզմունք հայտնեց, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար:
Օրակարգի երկրորդ հարցը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրությունն էր:
Մինչ ընտրությունը ռեկտորի պաշտոնակատարը հանդես եկավ 5-ամյա գործունեության հաշվետվությամբ՝ անդրադառնալով իր պաշտոնավարման 5 տարիներին կատարած աշխատանքներին, գործունեության ամենահատկանշական դրվագներին և գլխավոր ձեռքբերումներին: Կորյուն Աթոյանի խոսքով՝ 2011թվականին «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո տրվեց համալսարանի զարգացման նոր շրջանի ծրագրի մեկնարկը, որը նախատեսում էր համալիր ծրագրի իրականացում՝ գործունեության բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ուսումնամեթոդական ու նյութատեխնիկական հենքի բարեփոխում և վերազինում, համալսարանական գիտության և հետազոտական ուղղության զարգացում, կրթության որակի բարձրացում, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդում, հանրային կապերի ձևավորում, ուսումնական գործընթացի վերաիմաստավորում, միջազգային կապերի ընդլայնում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում, համալսարանի նոր կերպարի ձևավորում՝ Բրենդբուքի ստեղծում, միջավայրի արդիականացում և տասնյակ այլ խնդիրների լուծում: Այսօր՝ 5 տարի անց, միայն ավարտուն խոշոր ծրագրերի թիվը շուրջ 5 տասնյակ է:
Կրթության որակի բարձրացմանը միտված աշխատանքների շարքում Կորյուն Աթոյանը կարևորեց համալսարանին 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրման շնորհումը, աշխատաշուկայի հետ բուհի կապերի ամրապնդման համատեքստում ընդգծեց մասնավոր և պետական կառավարման մարմինների հետ փոխգործակցությունը, գիտահետազոտական գործունեության մեջ առանձնացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, գիտական դրամաշնորհների ներդրումն ու գիտաուսումնական խմբերի ձևավորումը, միջազգային գործունեությունից մատնանշեց համալսարանի ներգրավվածությունը Տեմպուսի և Էրազմուսի ծրագրերում, օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպումը, շեշտադրեց հանրային կապերի ձևավորման նշանակությունը բուհի գործունեությունում, սոցիալական քաղաքականության շրջանակներում իրագործված ծանրակշիռ ծրագրերից առանձնացրեց աշխատակիցների բժշկական ապահովագրությունը, կրթաթոշակ-զեղչերի համակարգի ներդրումը, «Տնտեսագետ» ուսանողի տան և նոր ճաշարանի գործարկումը, հավելավճարների և խրախուսման համակարգերը, «Նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման կարգը», անդրադարձավ միջավայրի արդիականացմանը, ուսանողական կյանքին: Կորյուն Աթոյանի այս ելույթին ծանոթացեք այստեղ:
Ելույթից հետո տեղի ունեցավ «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի փակ գաղտնի քվեարկությունը, 27 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Կորյուն Աթոյանին և նշեց, հետագայում ևս պետք է բարձր պահել համալսարանի, ինչպես նաև խորհրդի հեղինակությունը: Կորյուն Աթոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ հետագա գործունեությամբ ևս նպաստել բուհի զարգացմանն ու առաջընթացին:
Օրակարգի երրորդ հարցով բուհի ռեկտորը զեկուցեց համալսարանի կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին՝ շեշտելով, որ դրանք բխում են վարչապետի և ԿԳ նախարարի՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հանձնարարականներից: Կորյուն Աթոյանը հավաստիացրեց, որ դրանով կբարձրանա կառավարման արդյունավետությունը: Խորհուրդը միաձայն քվեարկությամբ հաստատեց առաջարկը:
Այլ հարցերի շարքում Կորյուն Աթոյանը խորհրդի թույլտվությունը խնդրեց այս տարի համալսարանին միացված ֆինանսատնտեսագիտական քոլեջում բուհի միջոցների հաշվին ջեռուցման համակարգ ներդնելու, ինչն արժանացավ հավանության:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին