Նոր համալրում. մեկնաբանում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը
2016-2017 ուսումնական տարվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունելության մրցույթի արդյունքների հրապարակումից քիչ անց զրուցեցինք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի հետ: Անդրադառնալով բուհի նոր համալրմանը՝ նա նշեց. «Այս տարվա ընդունելության պատկերը կրկին վկայում է մեր համալսարանի բարձր վարկանիշի մասին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կրթական ծառայությունների շուկայում մեր մասնագիտությունը գերակայություն չունի, և հանրապետության շատ պետական բուհեր տնտեսագետներ են պատրաստում: Այնուհանդերձ, ունեինք դիմորդների մեծ բանակ, այսօր ունենք լիարժեք համալրում, և մեր համալսարանի զարգացման շարժընթացը հավաստում է, որ այս առումով դրական միտումները շարունակական են: Ընդունող հանձնաժողովի անդամների անունից սիրով շնորհավորում և ողջունում եմ մեր բոլոր ապագա ուսանողներին և հավաստիացնում, որ իրենք ճիշտ և հեռանկարային որոշում են ընդունել, որ Տնտեսագիտական համալսարանը ուսանողակենտրոն հաստատություն է, որտեղ բարձր հիմքերի վրա է ուսումնակրթական գործունեությունը, գործում է փոխատեղման ու զեղչային ճկուն համակարգ, դասավանդում են հանրապետության առաջատար տնտեսագետները, ուսումնական համալիրն ամբողջությամբ բարենորոգ է ու հյուրընկալ»,- ասաց Մերի Բադալյանը:
Եվ այսպես, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան է ընդունվել 919 դիմորդ, որից 68ը՝ անվճար, 842-ը՝ վճարովի ուսուցման համակարգերում, 9-ը՝ արտոնություններով:
«Այն դիմորդները, որոնք հավաքել են ոչ անցումային միավոր, թող չհուսահատվեն, այլ օգոստոսին դիմեն հեռակա ուսուցման համակարգում սովորելու համար».-ասաց Մերի Բադալյանը և շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի իր գործընկերներին, որոնք պատշաճ աշխատանքով և հոգատարությամբ դիմորդի կողքին են եղել:
Հիշեցնենք՝ 2016-2017 ուսումնական տարվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունելության մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքի «Ընդունելություն» բաժնի «Դիմորդ-2016» և «Բակալավրիատ» խորագրերի ներքո՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին